Արայիկ Հարությունյանի լռությունը պայմանավորված է լեգիտիմության պակասով. կովկասագետ
15 Հուլիսի 2023, 14:10
Կովկասագետ Կարեն Իգիթյանը կարծում է, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական անժամկետ շարժմամբ հնարավոր չէ հասնել Արցախի ապաշրջափակմանը, բայց կարող է միավորել ժողովրդին։
«Լավ է, որ շարժում է սկսվել, Արցախի ժողովուրդը պետք է ցույց տա իր կամքը։ Նման մեթոդներով մենք կարող ենք ինչ-որ բան ցույց տալ, ժողովրդին միավորել, բայց եթե կարծիք կա, որ այդ միջոցով կարող ենք միջանցք բացել կամ էլ Ադրբեջանին ինչ-որ բան պարտադրել, կարծում եմ՝ այդպես չէ»,- Alpha Newsroom-ի եթերում ասաց Կարեն Իգիթյանը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման պահանջով հուլիսի 14-ին Ստեփանակերտում անցկացված հանրահավաքին Արցախի նախագահը ելույթ չունեցավ։ Կարեն Իգիթյանը կարծում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանի լռությունը պայմանավորված է լեգիտիմության պակասով։ «Լեգիտիմության պակասի պատճառով Արայիկ Հարությունյանը մյուսներին է տեղ տալիս, ասում է՝ եթե կարող ես, փորձի՛ր, ինչպես արեց օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ Պաշտպանության նախարարի պաշտոնը տվեց ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին, կամ էլ նախագահի պաշտոնը զիջեց, ասելով՝ եթե կարող եք՝ պահե՛ք, ու ստացվեց, որ կարողացան պահել»,- նշեց կովկասագետը։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե 2025 թ․ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից, Կարեն Իգիթյանը նախ նկատեց, որ Էրդողանը ստում է այդ պնդումն անելով, քանի որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը կարող է երկարաձգվել եւս 5-ամյա ժամկետով, եթե կողմերից մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի դրա չեղարկման մտադրության մասին: «Սա կարեւոր նյուանս է, որը Էրդողանը փորձեց կեղծել։ Դա ուղերձ էր, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որ Ռուսաստանին դուրս մղի Արցախից։ Սա ուղերձ է նաեւ Արեւմուտքին, որովհետեւ Արեւմուտքն է ամեն ինչ անում, որ դուրս մղի Ռուսաստանին Հարավային Կովկասից եւ, այս հայտարարությունն անելով, Էրդողանը ամրացնում է իր դաշինքը Արեւմուտքի հետ»,- ասաց Կարեն Իգիթյանը։ Հարցին, թե որ պարագայում թուրքական կողմը կարող է հետ կանգնել ռուս խաղաղապահներին Արցախից դուրս հանելու գործընթացից, քաղաքագետը նշեց, որ շատ բան կախված է ռուս-ուկրաինական հակամարտության ելքից։ «Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կփոխեն իրենց քաղաքական գիծը։ Հերիք է՝ Ռուսաստանն իր բանակից 100 000 մարդ բերի մեր տարածաշրջան եւ հստակ ուղերձ հղի Ադրբեջանին, միանգամից այդ երկրում ամեն ինչ կհասկանան։ Ադրբեջանի վերնախավն այդ առումով շատ խելացի է»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։