Արայիկ Հարությունյանը փորձում է ներկայացնել, թե դիմադրում է «ինտեգրմանը», բայց չի ստացվում, ուստի պետք է բացել Աղդամի ճանապարհը. քաղտեխնոլոգ

22 Օգոստոսի 2023, 17:10

Կարծիք | Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համոզմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ճնշումների ներքո մտափոխվել է հրարաժական տալ:

«Արայիկ Հարությունյանի պրոբլեմն այն է, որ ինքը քաղաքական չէ, ինքը բիզնեսմեն է ու ամեն խնդրի ժամանակ ասում է, որ հրաժարական է տալու: Իրեն ոչ ոք չի պարտադրել հրաժարական տալ, ինքը բոլորին հավաքել է, ասել՝ ինձ մի՛ համոզեք, ես հրաժարական եմ տալիս, հետո Երեւանից, Բաքվից, Մոսկվայից կամ էլ Վաշինգտոնից ճնշումների ներքո փոշմանել է»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական զարգացումներին:

Քաղտեխնոլոգը Արցախում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից տպավորություն է ստացել, որ Արայիկ Հարությունյանը փորձում է ցույց տալ, որ իբր, դիմադրում է Ադրբեջանի հետ ինտեգրմանը:

«Արցախի նախագահը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ արեց, նույնիսկ ՄԱԿ դիմեց, բայց չի ստացվում, ու պետք է Աղդամի ճանապարհը բացել՝ հո սովից չե՞նք մեռնելու»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը:

Ադրբեջանի հետ ինտեգրմանն ըստ նրա՝ դիմադրել կարող է ավելի քան 8 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը: Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո Քոչարյանը չի բացառում, որ Լաչինի միջանցքի հետ զուգահեռ, կարող է բացվել նաեւ Աղդամի ճանապարհը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ Արցախի նախագահը շաբաթվա սկզբին ասել է, թե հրաժարական է տալու: Վարդանյանի խոսքով՝ այդ հանդիպմանը ներկա է եղել 8 անձ, բայց հիմա նրանք այլեւս չեն հավատում Հարությունյանի խոսքերին, քանի որ վերջինս հրաժարական չի տվել:

«Դուք մեզ ներկայացրեցիք, որ այդ որոշումը չեք փոխելու, բայց փոխել եք այդ որոշումը: Իսկ ուրիշ մարդկանց ասել եք, որ Ձեզ վրա ճնշում է գալիս, Դուք չեզ ուզում հրաժարական տալ, բայց Ձեզ ճնշում են, որ հրաժարական տաք»,- հայտարարել էր Ռուբեն Վարդանյանը: Այս հայտարարությունը հրաժարվել էր մեկնաբանել Արցախի նախագահականը: Մեկ օր անց, սակայն, խորհրդարանական իշխող ուժից մեկնաբանել էին, թե նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ:

Արայիկ Հարությունյանի՝ հնարավոր հրաժարականի ֆոնին, Արցախի որոշ քաղաքացիներ, որոնք ներկայանում են որպես աշխարհազորայիններ, զինվորական հագուստով ներխուժել են Արցախի Ազգային ժողովի շենք: Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել էր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ քաշքշուկ է եղել:

Արցախի աշխարհազորի հրամանատար ներկայացող Կարեն Մաթեւոսյանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում որոշ մանրամասներ էր հայտնել մի քանի օր առաջ Արցախում տեղի ունեցած միջադեպից: Նա պատմել է, որ երբ լսել են Արցախի նախագահի հրաժարականի մտադրության մասին, ինքն ու այլ աշխարհազորայիններ հավաքվել են Ստեփանակերտի Վերածնդդի հրապարակում, որպեսզի Արցախի նախագահից, խորհրդարանի նախագահից ու պատգմավորներից պարզաբանում լսեն Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ: Կարեն Մաթեւոսյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հրաժարվել է պարզաբանում տալ, մինչդեռ նա պարտավոր է կատարել ժողովրդի կամքը: «Մենք կհասնեինք մեր պահանջներին, եթե Արցախի նախագահը չգար ԱԺ շենք ու չխնդրեր՝ կանգ առնել»,- ասել էր Մաթեւոսյանը:

Նա պատմել էր նաեւ, որ այսօր՝ օգոստոսի 22-ին, Արցախի նախագահը հանդիպելու է հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ու, եթե այդ հանդիպմանը որոշում չկայացվի եւ համախմբում չլինի, ապա աշխարհազորայիններն իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն՝ կլուծարեն կառավարությունն ու Ազգային ժողովը, կստեղծեն ճգնաժամային կառավարման կոմիտե եւ որոշումներ կընդունեն՝ ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար:

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տարածվեց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարությունը, որտեղ նա շեշտում է. «Անընդունելի է կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը»:

Իշխանյանը նաեւ զգոնության ու զսպվածության կոչ է անում՝ որպես օրենսդիր մարմնի ղեկավար, համոզմունք հայտնելով, որ ԱՀ Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլև հանրության խնդիրները ներկայացնող և լուծումներ առաջադրող հարթակ:

Հիմա եթերում