Արցախցի Արեն Նազարյանը մեկնել է «Արտեկ» միջազգային մանկական կենտրոն
07 Օգոստոսի 2025, 15:05
Արցախցի 14-ամյա Արեն Նազարյանը, ով 2023 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից արցախցիների բռնի տեղահանման ժամանակ նստել էր մեքենայի ղեկին և ընտանիքին տեղափոխել Հայաստան, մեկնել է «Արտեկ» միջազգային մանկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Արենը 40 ժամ մեքենան վարել է Ստեփանակերտից մինչև Գորիս։ 2025 թվականի հուլիսին Ռուսական տանը նրան շնորհվել է համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» մեդալը, որը տրվում է այն դեռահասներին, որոնց գործողությունները քաջության և տոկունության օրինակ են։
«Արենն ու Նարեն այսօր անմոռանալի ճամփորդության են մեկնել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Բարև, Ռուսաստան» ծրագրով: Երեխաները մասնակցում են 9-րդ հերթափոխին «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում: Նարեն Մասիս քաղաքից է, ակտիվ է, հետաքրքրասեր, երազում է մեծ հայտնագործությունների և նոր ընկերների մասին: Արենը քաջության և տոկունության իսկական օրինակ է», — ասված է հաղորդագրության մեջ: