Արցախցի բուժքույր Նվարդը ոտքով է հարեւան գյուղ հասնում, բայց չի հուսահատվում

21 Հուլիսի 2023, 14:16

Հայեր

Նվարդ Սարգսյանը բուժքույր է: Վառելիքի սղության պատճառով Նոր Ղազանչիից ոտքով է հարևան Կիչան համայնք հասնում՝ բնակիչների բուժսպասարկումը կազմակերպելու համար: «Արցախթերթի» հետ զրույցում բուժքույրը ցավով է նկատում, որ տարեցների մոտ առողջական խնդիրները օր օրի սրվում են շրջափակման պատճառով:

«Պետք է հասցնել բոլորին այցելել ու դեղորայք մատակարարել: Փառք Աստծո, դեռ որոշ չափով դեղորայք կա»:

Նվարդ Սարգսյանի համար օրը շատ վաղ է սկսվում, մինչև աշխատանքի շտապելն էլ հասցնում է ջերմոց մշակել: Նա հիվանդներին իրենց տներում է սպասարկում, դժվար է, բայց, իր խոսքով, հո հիվանդին ճակատագրի քմահաճույքին չի թողնելու:

«Եթե միայն այս խնդիրը լիներ, էլի դժգոհություն չէր լինի. այս ամենին զուգահեռ մտածում ես՝ երեխաների համար ինչ պատրաստել, որտեղից ինչ գտնել ու նմանօրինակ բազմաթիվ հարցեր»:

Բուժքույր Նվարդը, սակայն, այս ամենից չի հուսահատվում, փորձում են ընտանիքի բոլոր անդամների ուժերը մեկտեղել, հարկ եղած դեպքում նաև համայնքով միասին լուծել կենցաղային խնդիրները.

«Ախր, ուզածներս էլ մի մեծ բան չէ, սեփական հողում, մեր պապական տներում ապրել ենք ուզում…»: