Արցախցի փոքրիկները զվարճանքի հասցե ունեն
10 Հուլիսի 2023, 16:55
Արցախի շրջափակման պայմաններում ծնողներն այնպես են անում, որ երեխաները այնքան էլ չզգան ժամանցի որոշ ձևերի, քաղցրավենիքների, հյութերի ու մրգերի բացակայությունը: Արցախցի երեխաների ժամանցի վայր է դարձել մայրաքաղաքի Ստեփանյանի անվան պուրակում գործող մանկական զվարճանքների կենտրոնը, որ չնայած առկա խնդիրներին՝ շարունակում է գործունեությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարուժան Պետրոսյանը ներկայացրել է, որ գործում է ավելի քան 38 խաղային ատրակցիոն, այդ թվում` ավտոդրոմ, կարուսել, տեսախաղեր, 7D ֆիլմադարան, հրաձգարան՝ օդամղիչ հրացանից, և այլն:
Ավտոդրոմն անվճար է մինչև 6 տարեկան երեխաների համար, իսկ կարուսելը՝ մինչև 3 տարեկանների։ Այստեղ մանուկները կարող են վայելել նաև իրենց սիրելի քաղցրավենիքներից՝ տեղում պատրաստվող պաղպաղակ, որի համար անհրաժեշտ հումքը վերջին 10-օրյակում խիստ սուղ է դարձել:
Ըստ տնօրենի՝ շրջափակման ընթացքում այցելող երեխաների թիվը չի նվազել, իսկ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում նրանց անվտանգ և ուրախ ժամանցն ապահովելու համար:
Այդուհանդերձ՝ շրջափակումը բացասաբար է ազդել նաև մանկական զվարճանքի կենտրոնի գործունեության վրա. հովհարային անջատումների ընթացքում չի գործում էլեկտրական խաղասարքերի մեծ մասը: