Արցախցին իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը. Գեղամ Ստեփանյան
02 Սեպտեմբերի 2023, 20:30
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Արցախի, Հայաստանի քաղաքացիներին, Սփյուռքի հայրենակիցներին, որը ցուցադրվել է Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքի ընթացքում։
Ուղերձում, մասնավորապես, ասված է:
«265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։
Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր-բոլորին ամենօրյա հստակ և հասցեկան գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»։
Ստեփանյանը վստահեցնում է՝ Արցախում ստեղծված իրավիճակը մարդածին աղետ է, որն իրականացվում է 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։
«Այս աղետն ունի հստակ հեղինակներ, որոնք այսօր, ցավոք, չեն պատժվում, և միջազգային ամենաթողության պայմաններում շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը՝ ձգտելով հասնել հայի և հայկականության ներկայության ոչնչացմանը Արցախից։ Բայց ինձ համար հստակ համոզմունք է՝ համահայկական միասնության շնորհիվ Արցախը ապրելու է, հարատևելու է, ի հեճուկս բոլոր չկամների, թշնամիների և ի փառս համայն հայության»,- նշեց Ստեփանյանը։