Արցախցին պայքարում է նաեւ Հայաստանի համար, մենք վաղը պետք է ցույց տանք, որ իր կողքին ենք. Քրիստինե Վարդանյան

01 Սեպտեմբերի 2023, 21:45

Քաղաքականություն

ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, վաղը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 18:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: 

«Հանրահավաքի նպատակն է, որ համաժողովրդական մակարդակով աջակցություն ցույց տանք Արցախին: Ասենք, որ իր կողքին ենք, մենակ չենք թողնում, համաձայն չենք այն քաղաքականության հետ, որն այսօր վարում են Հայաստանի իշխանությունները»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Քրիստինե Վարդանյանը: 

Նա կոչ արեց քաղաքացիներին` վաղը մասնակցել հանրահավաքին: 

«Այն պայքարը, որն այսօր տանում է արցախցին, նաեւ մեր պայքարն է:  Չեմ կարծում, որ վաղը՝ Արցախի անկախության հռչակման օրը, մենք ավելի կարեւոր գործ ունենք, քան շրջափակված Արցախին մեր զորակցությունը հայտնելն է, որովհետեւ արցախցին պայքարում է նաեւ մեզ համար: Մենք պետք է հստակ ուղերձ փոխանցենք, որ առանց Արցախի չենք պատկերացնում Հայաստանի ապագան»,- հավելեց Քրիստինե Վարդանյանը:

Նշենք, որ այս օրերին, ի աջակցություն շրջափակված Արցախի, աշխարհի 16 երկրներում անցկացվում եւ անցկացվելու են «SOS Artsakh» խորագրով հանրահավաքներ եւ բողոքի գործողություններ։

Հիմա եթերում