Արցախցին խառնել է բոլորի խաղաքարտերը. Տիգրան Քոչարյան

19 Օգոստոսի 2023, 16:02

Քաղաքականություն

Արցախցին չի հանձնվում: Այդ համառության շնորհիվ, որը արցախյան բրենդ է դարձել, բոլոր խաղաքարտերը խառնվել են:

Այս մասին Alpha Newsուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Արցախը բոլոր այն ծրագրերը, բոլոր այն ճանապարհային քարտեզները, որոնք ուղղված են Արցախը հանձնելու Ադրբեջանին, խառնել ու խախտել է, և այն զինանոցը, որը Ադրբեջանը պետք է օգտագործեր արցախցուն ճնշելու, արդեն սպառվել է: Ադրբեջանը գազը, ջուրը, հոսանքը կտրել է, մարդկանց գողանում է, ինտերնետը մեկումեջ անջատում է, էլ ի՞նչ մնաց անի:

Ստացվում է՝ ոչ ռազմական ճանապարհով կատարվելիք ամեն բան նա արդեն արել է, և զինանոցը սպառվել է: Մնում է՝ ռազմական ճանապարհով փորձի որևէ բան անել, բայց դա էլ չի կարող անել, քանի որ ռուս խաղաղապահները դիմացը կանգնած են:

Ստացվում է՝ նրանց գլխի վրայով պետք է Ադրբեջանը փորձի մտնել Ստեփանակերտ կամ Ասկերան, ինչն անհնար է: Չի լինի այդպիսի բան, և առնվազն երկու տարի, Ադրբեջանը չի կարողանա դա անել: Նրանց մնում է շարունակել շրջափակել Արցախը, մարդկանց սովի մատնել: Մարդիկ մահանում են, և սա շատ վատ է անդրադառնում հենց Ադրբեջանի իմիջի վրա: Այստեղ ո՛չ Եվրոպան է կարողանում աչք փակել, ո՛չ Ռոսւաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, և սա աննախադեպ ճնշում է առաջացնելու Ադրբեջանի վրա: Դրան զուգահեռ, արցախցին, որ ասում է մենք չենք հանձնվում, ի՞նչ է նշանակում՝ դուք ինչ ուզում եք, արեք, մենք պատրաստ ենք նույնիսկ սոված մահանալ, դիմանալ, բայց ձեր պայմաններին չենք համաձայնի: Սփյուռքն էլ իր հերթին սկսել է ակտիվ աշխատել է, տեսնում ենք՝ ԱՄՆ-ում ինչ է կատարվում: Այսինքն, պրոցես է գնում, որտեղ Ադրբեջանը որևէ նոր ճնշման գործիք չունի, իսկ հակադարձ ճնշումն օրեցօր ավելանում է»,- ասել է Քոչարյանը:

Նրա կարծիքով այս աշխարյում չկա որևէ պետություն, որ կկարողանա ասել ես ինչ կուզեմ կանեմ, այդ թվում Ադրբեջանը:

«Այս աշխարյում չկա որևէ պետություն, որ կկարողանա ասել ես ինչ կուզեմ կանեմ, որովհետև, այդ ինչ կուզեմին չափ կա, որից հետո դա էլ չի ընդունվելու: Աշխարհը կարող է աչք փակել շրջափակման վրա, բայց ոչ նրա, որ մարդիկ են սովից մահանում:

Մի բան է, որ Ալիևն աշխարհի մեծերին ասի՝ եկեք ես ճնշեմ, նրանք կհամաձայնեն ու կկոտրվեն,կընդունեն իմ պայմանները, մեկ այլ բան է, որ այդ մարդիկ համառորեն չեն կոտրվում: Աշխարհի առջև կա 120 000 մարդ, որոնք ասում են, որ ինչ ուզում եք արեք՝ մենք չենք հանձնվի: Արցախում Ադրբեջանի մեթոդիկան չի աշխատում, քանի որ հայ ժողովուրդը խեղճ ժողովուրդ չէ:

Հնարավոր է մենք ներսում խնդիրներ ունենք մեր իշխանության հետ, որը թուրքական քաղաքականություն է վարում, և ամբողջ ուժով չենք կարողանում սատարել Արցախին, բայց կա Սփյուռք, որը կարող է խնդրել, պահանջել,իր երկրների իշխանություններին, որ թույլ չտան ցեղասպանության ենթարկել արցախահայությանը: Եթե Արցախը չի կոտրվում ու չի հանձնվում, ապա մեր Սփյուռքն էլ հաստատ թույլ չի տա, որ նման բան լինի»,- նշել է Քոչարյանը և հավելել՝ «Ադրբեջանը հիմար քաղաքականություն վարեց, և աշխարհին ապացուցեց, որ Արցախի ռեինտեգրացիան Ադրբեջանի հետ նոր ցեղասպանություն է բերելու: Եթե նույնիսկ Ալիևը գնա կանգնի ՄԱԿ-ի առջև և ասի, որ ուզում է Արցախը խաղաղ ռեինտեգրվի է իրեն, արդեն չեն հավատա, քանի որ ինչպես կարող ես միանալ մի պետության, որը սրտի հիվանդությունով մարդ է գողանում ու պարծենում դրանով կամ չի թողնում կնոջ դիակը տեղափոխել Ստեփանակերտ»: