Արցախցիների արհեստական արտագաղթի տպավորություն է ստեղծվում․ Դավիթ Մելքումյան
24 Մարտի 2025, 23:20
Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում: Բացի սոցիալական խնդիրներից, կբարձրաձայնվեն նաև արցախցիների հիմնարար իրավունքների, հատկապես Արցախ վերադարձի, Բաքվում պահվող ռազմագերիների և այլ կարևոր հարցեր։ Հատուկ խորհուրդ է ձևավորվել, որի կազմում են Արցախի ՀԿ-ները, խորհրդարանական ուժերը, անհատներ։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի հետ։
«Սա հանրային նախաձեռնություն է։ Որպեսզի Արցախ վերադարձի գործընթաց տեղի ունենա, պիտի ունենանք հավաքական միտք ու կարծիք։ Իմ ունեցած տեղեկություններով՝ մեկ ամսվա ընթացքում Արցախում գործող բոլոր ՀԿ-ները, ակտիվիստներ երկար քննարկումներից հետո եկել են այն եզրահանգման, որ, ի վերջո, պիտի իրենց ձայնը հնչեցվի Հայաստանում։ Սա հանուն Արցախի նախաձեռնություն է, նրա մասին է, որ արցախցին չարտագաղթի։
Այս նախաձեռնությունը բարձրացնելու է շատ կարևոր հարցեր, մասնավորապես՝ վերադարձի իրավունք, սոցիալական հարցեր, քանի որ այն առաջարկները, որոնք ստանում են արցախցիները, չեն համապատասխանում այս իրականությանը։ Այսինքն՝ ստեղծվում է արցախցիների արհեստական արտագաղթի տպավորություն»,- ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ եթե արցախցիները արտագաղթեն, էլ ովքե՞ր են լինելու վերադարձի ապահով իրավունքի պահանջատերերը։
«Այնպիսի լուծումներ պիտի տրվեն հարցերին, որ լինեն հեռանկարային։ Եթե արցախահայության արտագաղթն այսօր չկանխենք, վաղը վերադարձի ապահով իրավունքի պահանջատերերն ովքե՞ր են լինելու։ Շատ բարձր եմ գնահատում, որ այս նախաձեռնությունը հասարակական, հանրային նախաձեռնություն է, ու իրականում բոլոր մարդիկ պետք է հասկանան, որ իրենք պետք է պայքարեն իրենց իրավունքների համար»,- ասել է Դավիթ Մելքումյանը։