Արցախցիների` չհանձնվելը խափանում է Փաշինյանի, Ալիեւի ու նրանց թիկունքին կանգնած հակահայկական ուժերի ծրագրերը. Տիգրան Քոչարյան

18 Օգոստոսի 2023, 22:23

Քաղաքականություն

Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ գնաց ոչ թե, գոնե, թղթե շերեփով, այլ ձեռքերը գրպանը դրած:

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Alpha News-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Արարատ Միրզոյանը ինչ-որ բաներ էր խոսում՝ մոռանալով բարձրաձայնել ամենակարևորի՝ Արցախի ինքնորոշման հարցը, որտեղ մենք ունենք դիվանագիտական նվաճումներ: Այս ամենը մոռանալով՝ Միրզոյանն այնպիսի բաներ էր խոսում, որ այլ երկրների կողմից ընկալվում էր այսպես՝ դու և քո ղեկավարը ճանաչել եք Արցախը Ադրբեջանի կազմում, դու այստեղ ո՞վ ես, ի՞նչ ես պաշտպանում և ինչու՞ ես խառնվում:

Ադրբեջանի մոտեցումն էլ այսպիսին է, որ արցախցիները իմ քաղաքացիներն են, Հայաստանը դա ճանաչել է, ուրեմն, ես իմ հարցերը նրանց հետ կլուծեմ, և թե բեռը ոնց կմատակարարեմ, ես կորոշեմ, Հայաստանն ի՞նչ գործ ունի»,- ասել է Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի քայլերը ձևական բնույթ են կրում:

«Միրզոյանը չի պատրաստվել, նույնիսկ, Ադրբեջանի կոնտր արգումենտներին: Միրզոյանը կարող էր բացատրել, որ մարդիկ չեն կարող միշտ դեպրեսիայի մեջ լինել, իհարկե, պետք է հարսանիք էլ անեն, և ամեն ինչ պետք է անեն: Այս ամենով հանդերձ, ինչի՞ էր ուզում հասնել Մրզոյանը: Պարզ է՝ սա ձևական աշխատանք էր, և եթե դու գնում ես այնտեղ, ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս, այլ սպասելիքներ չկան, վատագույն բանը, որ կարող էր լինել այն էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մի բանաձև ընդուներ, որտեղ հիշատակվեր Արցախը Ադրբեջանի կազմում: Ես կարծում եմ, որ Փաշինյանը Միրզոյանին այդ հույսով էր ուղարկել, որ նրանք նստեն և ասեն՝ աշխարհի մեծերը այսպես են որոշել, նրանց դեմ մենք ի՞նչ կարող ենք անել»,- շարունակել է Քոչարյանը եւ շեշտել.

«Արցախցիների` չհանձնվելն ու չկոտրվելը խափանում է Փաշինյանի, Ալիեւի ու նրանց թիկունքին կանգնած հակահայկական ուժերի ծրագրերը»։