Արցախցիների՝ Հայաստանում ապրելու պայմանները մեզ պատիվ չեն բերում․ Գասպար Կարապետյան

20 Սեպտեմբերի 2024, 14:00

Քաղաքականություն

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հիմնական նպատակն է ամեն ձևով օժանդակել արցախցիների իրավունքների վերականգնմանը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մեկ տարին է լրանում: Արցախի ժողովրդի էթնիկ զտման գործընթացը, որ սկսել էր ու ավարտին հասցրեց Բաքուն, մասնագետների, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից որակվում է որպես ցեղասպանություն:

Այսօր արցախցի մեր 120 հազար հայրենակիցներ գտնվում են Հայաստանում: Նրանք այնպիսի պայմաններում են ապրում, որ մեզ պատիվ չի բերում»,- ասել է մեր զրուցակիցը:

Կարապետյանը ընդգծել է այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ աշխատում են:

«Որպես Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբ՝ մեր հիմնական նպատակն է ամեն ձևով օժանդակել արցախցի մեր հայրենակիցների իրավունքների և ամենակարևորը՝ վերադարձի իրավունքի վերականգնմանը՝ պաշտպանված միջազգային երաշխիքներով:

COP 29-ի նախօրյակին պատերազմի գերիների ու Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարության ազատ արձակման շուրջ աշխատանք պետք է տանենք: Այս պահին գտնվում եմ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ Ստրասբուրգում, և արդեն աշխատանքներն սկսել ենք: Այդ աշխատանքները երկու-երեք փուլով է ընթանալու»,- մանրամասնել է Գասպար Կարապետյանը:

Մեր զրուցակիցը անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումներին ու անդադար զիջումներին:

«Երրորդ հիմնական հարցը, որ ունենք, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է: Դժբախտաբար, այն ձևով, որ տեղի են ունենում բանակցությունները Ադրբեջանի հետ, մեր նահանջները, Ադրբեջանի՝ ամեն օր տարբեր բաներ ուզելը մեզ համար լավ բանի չի հանգեցնի: Ես կոչ եմ անում մեր իշխանությանը, քաղաքական բոլոր կազմակերպություններին, որ զորանանք ու պաշտպանենք հենց մեր շահերը, ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի պահանջները: Այդ ուղղությամբ պետք է լինենք աննկուն ու չնահանջող»,- եզրափակել է Գասպար Կարապետյանը: