Արցախցիներն անցել են ցեղասպանության միջով, դա պարզ ճշմարտություն է․ Մարգարիտ Դերանց

15 Մարտի 2024, 00:30

Կարծիք

«Գմբեթավոր հովանոցը» գրքում ես նկարագրում եմ 2020 թվականի պատերազմը, բայց դա նկարագրում եմ երեք հարթակներում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում պատմում է ծագումով արցախցի գրող Մարգարիտ Դերանցը։

«Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիությունը իմ կենսագրությունն ու ճակատագիրն է։ Ինչպես յուրաքանչյուր արժանապատիվ հայ, ես նույնպես շատ ծանր եմ տարել այդ եռամիության տրոհումը։ Իմ «Գմբեթավոր հովանոցը» գրքում ես նկարագրում եմ 2020 թ-ի պատերազմը, բայց նկարագրում եմ երեք հարթակներում։ Ներկայացնում եմ, թե պատերազմի օրերին ինչ է տեղի ունենում Սփյուռքում, մայր Հայաստանում, և թե ինչ է տեղի ունենում Արցախում։ Գիրքը հետաքրքիր ճակատագիր ունի, քանի որ այն վերջացրել եմ մարտին և հրատարակչությունից գիրքը դուրս է եկել օգոստոսին, իսկ գրքի շնորհանդեսի ժամանակ իմ սիրելի արցախցիները անցնում էին Հակարիի կամուրջը։ Այդ օրերին բոլոր մշակութային ձեռնարկները կասեցվեցին, բայց այս գիրքը բացառություն արեցին, քանի որ Արցախի մասին էր»,- ասում է Դերանցը։

Գրողն ընդգծում է՝ արցախցիներն իսկապես անցել են ցեղասպանության միջով։

«Արցախցիներն իսկապես անցել են ցեղասպանության միջով։ Ես չեմ վկայակոչում զրույցների մակարդակով, այլ վկայակոչում եմ մամուլի մակարդակով։ Հայտարարվել է, որ Հաթերք, Առաջնաձոր, Խնկավան գյուղերում տեղի են ունեցել խոշտանգումներ և կոտորածներ։ Ոչ մի հայի հաճելի չէ այս մասին խոսել, բայց ճշմարտությունը արևի է նման, չես կարող ձեռքով թաքցնել, և զարմանալի է, որ մեր պատկան այրերը չբարձրաձայնեցին դա միջազգային հեղինակավոր ատյաններում»,- եզրափակել է Դերանցը։

Հիմա եթերում