Արցախցիները հասան ռուսական խաղաղապահ առաքելության շտաբ

14 Հուլիսի 2023, 13:58

Քաղաքականություն

Երկուսուկես ժամ երթից հետո արցախցիները քիչ առաջ հասան ռուսական խաղաղապահ առաքելության շտաբ, որը տեղակայված է Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան բնակավայրում: Սպասվում է, որ արցախցի կբարձրացնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման խնդիրը: Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները մինչ այդ էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց էին հավաքվել, որտեղ կոչ արեցին ահազանգել բոլոր մարդասիրական կոռույցներին, որ Արցախում իրավիճակը կրիտիկական է եւ պետք է կանխել հումանիտար աղետը:

Ռուսական խաղաղապահ առաքելությանն իրենց պահանջները հայտնելուց հետո հանրահավաքի մասնակիցները երթով հետ կգնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ այսօր առավոտյան սկսվել է համաժողովրդական անժամկետ շարժում: Արցախցիները միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապահրը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձով հայտարարեց անժամկետ շարժում սկսելու մասին եւ, դիմելով արցախցիներին, ասաց` մենք զիջելու, լքելու Արցախ չունենք։ Պետնախարարը կոչ է արեց առավոտյան ժամը իննին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: