Արցախցիները լքում են Հայաստանը, այս իշխանությունների օրոք հույս չեն տեսնում․ Մետաքսե Հակոբյան
16 Փետրվարի 2024, 22:13
Որևէ անձ չի կարող կազմակերպել արցախցիների վերադարձն՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը։
«Կան ինչ-որ խմբեր, չեմ էլ կարող հստակ ասել՝ ովքեր են, լուրեր տարածեցին, թե ինչ-որ մարդիկ կազմակերպում են արցախցիների վերադարձը։ Ասեմ՝ այդ անձանց ցանկում նաև իմ անունը կար, քանի որ տևական ժամանակ ինձ ամբողջ օրը զանգեր էին գալիս, մարդիկ տարբեր մարզերից ինձ ցուցակներ էին ուղարկում, որ իրենք պատրաստ են վերադառնալ։ Մինչ հասկացրեցի, որ այդպես չէ, որևէ անձ չի կարող կազմակերպել իրենց վերադարձը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, նոր հանդարտվեցին։ Ցանկացած գիտակից մարդ, պարտադիր չի քաղաքական գործիչ լինել, հասկանում է, որ պիտի քաղաքական կարգավորումներ լինեն։
Չես կարող 1000-5000 հոգու ցուցակ կազմել, վեր կենալ ու ասել՝ ես ցանկացած պայմանով գնում եմ այնտեղ ապրելու։ Ասեմ՝ մարդիկ չեն էլ գնա, ուղղակի մտածում են՝ քաղաքական գործիչներն են իբրև կազմակերպել, ուրեմն իրենք ինչ-որ հարցեր կարգավորել են»,- նշել է Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ԼՂՀ Ազգային ժողովն ինչպես Արցախում էր աշխատում, նույնկերպ Հայաստանում չի աշխատում։
«Այնպես, ինչպես Արցախում էին աշխատում, այստեղ չեն աշխատում, որովհետև եթե Արցախում կային ակտիվ և պասիվ պատգամավորներ, դա նորմալ էր ընկալվում, այստեղ արդեն դա չի ստացվում մեծ հաշվով, որովհետև պիտի գոնե բոլորը ակտիվ լինեին, որ աշխատանքը ամբողջությամբ երևա։ Շատ մեծ ու լուրջ բաներով զբաղված չի Արցախի Ազգային ժողովը։ Պատգամավորների մեծ մասը բնակչության սոցիալական խնդիրներով է զբաղված։ Փորձում ենք երկու կողմն էլ պահել՝ թե՛ քաղաքականը, թե՛ սոցիալականը, քանի որ շատերը հենց անարդարությունից ելնելով կամ ելք չունենալով են մեզ դիմում»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այն գումարները, որ արցախցիներն ամեն ամիս ստանում են, նույնիսկ գյուղական համայնքում ապրելու համար բավարար չէ։
«Շուտով բնակվարձերի փոխհատուցումների ծրագիրն ավարտվելու է։ Այնպես չէ, որ 40+10 հազար դրամով մարդիկ ինչ-որ խնդիր են կարողացել լուծել, որովհետև գյուղական համայնքերում էլ բնակարանների վարձերը բավականին բարձր են, ստացած գումարը հազիվ կբավականացնի տան վարձ տալուն, այն էլ այդ վարձերը ուշացումով են տրվում, շատ դեպքերում տանտերերը թույլ չեն տալիս այլևս իրենց տանն ապրել։ Շատերի հետ եմ խոսում, փորձում եմ գոնե օրը 10-20 ընտանիքի հետ ճշտում կատարել, շատերը դեռևս մշտական աշխատանք չունեն՝ զբաղվում են բանվորությամբ, շինարարությամբ, դրանք ժամանակավոր աշխատանքներ են, որ չեն կարող ստաբիլ աշխատավարձով ապահովել ընտանիքին»,- նկատել է ԱԺ պատգամավորը։
Ըստ նրա՝ շատերն այս իշխանություններից հուսալքված թողնում են Հայաստանն ու արտագաղթում։
«Շատերը աշխատանք չունենալու պատճառով են լքում Հայաստանը, որովհետև չեն կարողանում ապրել այստեղ։ Ոչ միայն ՌԴ, հիմա արցախցիները գնում են ավելի հեռու՝ Եվրոպա, ԱՄՆ։ Այն մարդիկ, որոնք այս ընթացքում օդանավակայանում եղել են, տեսել են, որ ընտանիքները մեկնում են՝ առանց վերադառնալու ցանկության։ Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այլևս այս իշխանությունների օրոք իրենք չեն տեսնում այն հույսը կամ հնարավորությունները, որ կկարողանան վերադառնալ Արցախ, կամ իրենք իրենց մեջ էլ չեն տեսնում այն ուժը, որ կկարողանան հաղթահարել այս ամենը։ Իհարկե, դրան զուգահեռ՝ կա մի առողջ զանգված, որը պայքարում է ու փորձում է շտկել այն իրավիճակը, որում հայտնվել ենք»,- եզրափակել է Մետաքսե Հակոբյանը։