Արցախցիները միայնակ չեն մնալու, այլ Հայաստանը՝ Աստծո պատժի առջև. Դավիթ Բաբայան
22 Մայիսի 2023, 16:04
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Alpha News-ի խնդրանքով մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, որի համաձայն՝ նա փաստացի Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում ու խոսել Արցախի ժողովրդի իրավունքների մասին արդեն Ադրբեջանի կազմում.
«Ադրբեջանի կազմում խոսել արցախցիների իրավունքների մասին նույնն է, ինչ համակենտրոնացման ճամբարի մարդկանց իրավունքների մասին խոսես Նացիստական Գերմանիայում»,- ասել է Բաբայանը և նշել, որ սպասում է արդեն Հայաստանի հասարակության արձագանքին՝ հորդորելով Հայաստանի ներքին քաղաքական հարցերը չխառնել Արցախի հետ.
«Հիմա մնում է իմանանաք՝ հայ հասարակությունը ի՞նչ է մտածում կամ առհասարակ գոյություն ունի՞ հայ հասարակություն, թե՞ ոչ: Արցախի հետ ամեն ինչ պարզ է՝ կա՛մ զոհվելու ենք, կա՛մ տղամարդավարի դուրս ենք գալու:
Չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վերջը : Շատ շուտ պետք է իմանանք, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք և ավելի մեծ հույսեր չկապենք»,- մտահոգություն է հայտնել Դավիթ Բաբայանը և ընդգծել, որ ճշմարտությունը որքան էլ ծանր լինի՝ շատ ավելի գերադասելի է ստից.
«Սա արդեն արցախցիների հարցը չէ, սա Հայաստանի հարցն է. Հայաստանն է միայնակ մնալու Աստծո պատժի առջև»,- եզրափակել է ԱՀ նախագահի խորհրդականը: