Արցախցիները միայնակ չեն մնալու, այլ Հայաստանը՝ Աստծո պատժի առջև. Դավիթ Բաբայան
22 Մայիսի 2023, 16:12
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Alpha News-ի խնդրանքով մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, որի համաձայն՝ նա փաստացի Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում ու խոսել Արցախի ժողովրդի իրավունքների մասին արդեն Ադրբեջանի կազմում.
«Ադրբեջանի կազմում խոսել արցախցիների իրավունքների մասին նույնն է, ինչ համակենտրոնացման ճամբարի մարդկանց իրավունքների մասին խոսեց Նացիստական Գերմանիայում»,– ասել է Բաբայանը և նշել, որ սպասում է արդեն Հայաստանի հասարակության արձագանքին՝ հորդորելով Հայաստանի ներքին քաղաքական հարցերը չխառնել Արցախի հետ:
«Հիմա մնում է իմանանաք՝ հայ հասարակությունը ի՞նչ է մտածում կամ առհասարակ գոյություն ունի՞ հայ հասարակություն, թե՞ ոչ: Արցախի հետ ամեն ի՞նչ պարզ է՝ կա՛մ զոհվելու ենք, կա՛մ տղամարդավարի դուրս ենք գալու… Չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վերջը:
Շատ շուտ պետք է իմանանք, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք և ավելի մեծ հույսեր չկապենք»,– մտահոգություն է հայտնել Դավիթ Բաբայանը և ընդգծել, որ ճշմարտությունը որքան էլ ծանր լինի՝ շատ ավելի գերադասելի է ստից.
«Սա արդեն արցախցիների հարցը չէ, սա Հայաստանի հարցն է. Հայաստանն է միայնակ մնալու Աստծո պատժի առջև»,– եզրափակել է ԱՀ նախագահի խորհրդականը: