Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է՝ սահմանադրական կարգը տապալելու դեպքում կդիմեն վճռական գործողությունների
08 Սեպտեմբերի 2023, 15:15
Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ կողմից նախագահի ընտրություններով պայմանավորված՝ հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն, այս մասին հաղորդում են Արցախի ԱԱԾ-ից։
«Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում` այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։
Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։
Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։
Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը։
ԱՀ քաղաքացիներին հորդորում ու խնդրում ենք չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։