Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

05 Հուլիսի 2023, 19:49

Բոլոր

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը․

«Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի` 2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։

Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ունեցել և շարունակում է ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, միևնույն ժամանակ կարծում ենք, որ միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը։

Համոզված ենք, որ այնպիսի բարդ և տևական հակամարտության կարգավորումը, ինչպիսին է ադրբեջանա-ղարաբաղյան հիմնահարցը, կարող է հաջողությամբ պսակվել, այն դեպքում, եթե հակամարտության բոլոր կողմերը և միջնորդները, ամբողջովին գիտակցելով իրենց պատասխանատվությունը, ցուցաբերեն ճկունություն, ստեղծարար մոտեցում, կառուցողականություն և առաջնորդվեն ինչպես միջազգային իրավունքի նորմերով, այնպես էլ համընդհանուր այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդարությունը, արժանապատվությունը և ազատությունը: Գտնում ենք, որ անսասան հավատարմությունն այս սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից կուտակված միջնորդական փորձի կիրառումը կնպաստեն հակամարտության արդար ու համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական մտադրությամբ իրականացվող նվաճողական և էթնիկ զտման քաղաքականության, շարունակվող անմարդկային շրջափակման, բռնության և ագրեսիայի կրկնվող դեպքերի, աճող ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում նմանատիպ հայտարարությունները հիշեցնում են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն։ Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում, ինչը հանգեցնում է միայն հետագա բռնությունների և մարդկային տառապանքների։

Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված և արժանապատիվ կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա  արհեստական սահմանափակումներ, այլ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։

Նորագույն պատմության մեջ և միջազգային պրակտիկայում կան ժողովրդի կամարտահայտության հիման վրա նման բարդ և ձգձգված հակամարտությունների լուծման օրինակներ»,- ասվում է Արցախի ԱԳՆ տարածածա հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հնարավոր էր համարել Արցախի գոյությունը և արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունը Ադրբեջանի կազմում։

Արձագանքելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե հայ հասարակության շրջանում բանավեճ կա, որ եթե Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, մարդկանց համար իրենց տանը խաղաղ ու անվտանգ ապրելը անհնար կլինի, Քրիստինա Քվինը հավաստիացրել է, որ երկու կողմերն էլ համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն։

«Հավատած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում  ենք, որ միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։

Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմներն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»,- ասել էր նա ։

Հիմա եթերում