Արցախի անկախության տոնին նվիրված կանցկացվի Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկություն

26 Օգոստոսի 2023, 15:20

Սպորտ

Արցախի Հանրապետության Անկախության տոնին նվիրված ԱՀ Շախմատի ֆեդերացիան սեպտեմբերի 4-ից մինչև 8-ը կազմակերպելու է Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկություն: Այն տեղի կունենա Շախմատի կենտրոնական տանը:

«Մրցաշարին մասնակցելու են 32 շախմատիստներ: Մրցաշարը անց է կացվելու արագ շախմատի կանոններով, օլիմպիական մրցակարգով, 5 խաղափուլով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Յուրաքանչյուր օր կխաղարկվի 1 խաղափուլ, որում յուրաքանչյուր շախմատիստ կխաղարկի երկու պարտիա՝ սպիտակներով և սևերով:

Հավասարության դեպքում մասնակիցները լրացուցից կխաղան երկու բլից պարտիա, վերոնշյալ կետերի հավասարության դեպքում կխաղարկվի «Մահվան» պարտիա կամ «արմագեդոն» նոկաուտ համակարգով, կայծակնային շախմատի կանոններով. ամբողջ պարտիայի համար սպիտակներին կտրվի 5 րոպե, իսկ սևերին 4, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կողմ են ճանաչվում սևերը։ Յուրաքանչյուր մարզիկին տրվելու է 25 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Խաղասկզբի համար սահմանված ժամից 10 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն: Մասնակիցը երկրորդ անհարգելի բացակայության դեպքում կհեռացվի մրցաշարից: Հաղթողը որոշվելու է օլիմպիական մրցակարգի` ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:

Մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված շախմատիստները կպարգևատրվեն Արցախի շախմատի ֆեդերացիայի կողմից պատվոգրով և դրամական պարգևով», — ասված է Արցախի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան հրապարակման մեջ: