Արցախի ապաշրջափակման մեկ ճանապարհ կա՝ ուժով բացել այն. Արմեն Բադալյան
18 Հուլիսի 2023, 20:47
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ Արցախի ապաշրջափակման մեկ ճանապարհ կա՝ ուժով բացել այն, իսկ Արցախում մի քանի օր շարունակվող համազգային շարժումն, ըստ նրա, չի նպաստում դրան:
«Արցախի բնակչությունը շրջափակումը վերացնելու մեկ ճանապարհ ունի՝ կազմակերպել համապատասխան հանրահավաք, պատվիրակություն ուղարկել Արցախի նախագահի մոտ, պահանջել նրա հրաժարականը, դա չանելու դեպքում ստիպել նրան, որ հրաժարական տա, որից հետո Ազգային ժողովի կողմից նախագահ կընտրվի, որն, ուժային կառույցների ղեկավար կազմում փոփոխություններ կատարելով՝ ուժով կբացի Լաչինի միջանցքը եւ Պաշտպանության բանակի միջոցով այդ միջանցքը կպահի իր հսկողության տակ: Դրանից հետո կմիացվի գազը, հոսանքը եւ պարենային անհրաժեշտ ապրանքներ կմատակարարվեն Արցախ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ նստացույց անելով Արցախի կյանքի ճանապարհը չի բացվի:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահն ու խորհրդարանի ղեկավարը միացել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հուլիսի 14-ից սկսված նստացույցին:
«Նստացույց կազմակերպելու նպատակն ինչ-որ աղմուկ բարձրացնելն է, բայց նստացույցով ճանապարհ չի բացվի: Արցախի ղեկավարությունը քաղաքական այն նույն գիծն է իրականացնում, ինչ 2018-ին Հայաստան բերված քաղաքական թիմն արեց: Իրականում Արցախում ոչ թե պայքար է գնում ճանապարհի բացման պահանջով, այլ, նստացույց անելով, ցույց են տալիս, թե Արցախի նախագահը բնակչության հետ է եւ փորձում է իր նկատմամբ եղած քննադատությունների սլաքն ուղղել դեպի անորոշ միազգային հանրություն, այդ թվում՝ Ռուսաստան»,- նշեց Բադալյանը:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Արեւմուտքի նպատակն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ առանց ռուս խաղաղապահների, հետեւաբար, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որում նա կարեւորել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովել, տեղավորվում է՝ արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ Արեւմուտքի դիրքորոշման մեջ:
«Այն վայրկյանին, երբ ռուսները հեռանան Արցախից, հաջորդ պահից այնտեղ կտեղակայվի ադրբեջանական զինուժն ու այնտեղ այլեւս հայեր չեն ապրի: Արեւմուտքի շահերից բխում է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը բոլոր հնարավոր տարածքներում՝ Ուկրաինայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում: Այդ կոնտեքստում, բնականաբար, տրամաբանական է, որ Միշելը նման հայտարարություն է անում, քանի որ ընդունում են, որ Արցախն այլեւս կարգավիճակ չունի, բնակչությունն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, ապա գովաբանելի են համարում Ադրբեջանի առաջարկըԱղդամով մարդասիրական բեռնափոխադրումներ անելու հետ կապված: Եվրոպացիք շատ լավ հասկանում են, որ Արցախի հարցի վերջնական լուծումը կախված է ոչ թե նրանից, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խաղաղության պայմանագիր կկնքեն, թե՞ ոչ, այլ նրանից, թե ռուսական զորքերն Ուկրաինայում հաջողություն կունենա՞ն, թե՞ ոչ, որովհետեւ անհաջողության դեպքում, անգամ առանց խաղաղության պայմանագրի, ադրբեջանական զորքերը մտնելու են Ստեփանակերտ, իսկ հաջողության դեպքում դժվար է ասել, թե ինչ զարգացում կլինի, որովհետեւ խնդիրները ծանրանում են, բայց շատ մեծ է հավանականությունը, որ հաղթանակի դեպքում ռուս խաղաղապահները Արցախից շատ երկար ժամանակով դուրս չեն գա եւ, այնտեղ կմնա հայ բնակչությունը՝ բաց Լաչինի միջանցքով, իսկ սա հասկանում է թե՛ Ադրբեջանը, որն օր առաջ փորձում է մոտենալ Արցախի հարցի լուծմանը եւ այնտեղից ռուսներին դուրս բերելու քաղաքականություն է վարում, թե՛ Ռուսաստանը, որի արտգործնախարարության հայտարարության մեջ շատ ճիշտ ասվեց Ղարաբաղի ղեկավարությանը, թե մեզնից ի՞նչ եք պահանջում, երբ Հայաստանի ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, գնացե՛ք Հայաստանի ղեկավարությունից պահանջեք, բայց մենք տեսանք, որ նույնիսկ Արցախում տեղի ունեցած հանրահավաքին վախեցան անգամ նշել Հայաստանի վարչապետի անունը»,- ասաց Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք՝ արցախցիները հուլիսի 14-ից համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Կարմիր խաչի արցախյան գրասենյակին եւ ռուս խաղաղապահներին:
Հավելենք, որ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: