Արցախի արձագանքը պետք է շատ ավելի անվանական և գործողություններ պարունակող լիներ. Տիգրան Քոչարյան
25 Մայիսի 2023, 11:27
Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը կարծում է՝ Արցախի խորհրդարանի արձագանքը Հայաստանի վարչապետի հայտարարության վերաբերյալ ուշացած էր եւ եթե այդ դատապարտող հայտարարությունը լիներ օրինակ, մեկ ամիս առաջ, ապա միգուցե հնարավոր լիներ պրոցեսները դանդաղեցնել կամ էլ կանգնեցնել:
«Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2018 թ. էլ ասում էր, որ Արցախը մեզ պետք չի: Ամեն անգամ ինքը նոր բան է ավելացնում իր պարտվողական քաղաքականության մեջ: Բայց մինչեւ դանակը ոսկորին չհասավ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չասաց, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաեւ Արցախը, նոր Արցախում եռուզեռ սկսվեց ու կեսգիրշերին մոտ խորհրդարանը հայտարարություն ընդունեց: Դա այն արձագանքը չէր, որը կարելի էր սպասել Արցախից, արձագանքը պետք է շատ ավելի խիստ, անվանական եւ գործողություններ պարունակող լիներ, որովհետեւ այդ հայտարարություններով սայլը տեղից չի շարժվի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությանն այս տարածաշրջանում դեմ են Իրանն ու Ռուսաստանը:
«Իրանը շատ լավ հասկանում է, որ եթե Արցախը հանձնվի Ադրբեջանին, ապա Ռուսաստանը դուրս է գալու Արցախից, իսկ հետո Ռուսաստանին հանելու են նաեւ Հայաստանից, իսկ Հայաստանի սահմանին ՆԱՏՕ-ական զորք չկա, եւ Իրանը շնչելու տեղ ունի այս ճանապարհով դուրս գալու: Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի ներկա իշխանության ամբողջ գործունեւությունը միտված է նրան, որպեսզի Ռուսաստանին այստեղից հանեն»,- նշեց Տիգրան Քոչարյանը: