Արցախի ցեղասպանության ականատեսները

06 Հոկտեմբերի 2023, 22:15

Քաղաքականություն


Alpha News-ը շարունակում է զրուցել Երևանում գտնվող Արցախից բռնի տեղահանվածների հետ: Նրանցից շատերը նույնիսկ ծանրագույն պայմաններում մտածում են իրենց երեխաների կրթության և ձեռքբերումների մասին:

Գայանե Ազիզյանը պատմեց, որ իր դուստրը Ստեփանակերտի այս տարվա վերջին շրջանավարտներից է: Գերազանց է ավարտել դպրոցը, սակայն Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան այդպես էլ թույլ չտվեց, որ ստանային կարմիր դիպլոմը: Պատրաստվում են Հայաստանում ոլորտը համակարգող գերատեսչությունից պահանջել այն:

«Մեզ պետք են կիրթ ժառագներ, որպեսզի հետագայում այս սերունդը կարողանա ինչ-որ բան անել Արցախի համար, որ կարողանա մեր Արցախը հետ բերել: Ես մինչև վերջին օրը մտածում էի, որ մենք դուրս չենք գա, բայց էլ ոնց հետ դառնանք… Մենք շատ են սիրում մեր հողը, մեր ջուրը: Մեր երեխաների թափած արյունը չէինք կարող թողնել-դուրս գալ, բայց դե չթողեցին…»,- նշեց Ստեփանակերտի բնակիչը:

Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ պատմեց, որ ավելի քան 10 ամիս բլոկադայի մեջ դիմացել են ու նորից կարող էին դիմադրել ու դիմանալ, սակայն այդ հնարավորությունը չունեցան.

«Ոչ ոք չէր ցանկանում իր տնից դուրս գալ, եղել է սոված ենք մնացել, հաց չի եղել, լույս չի եղել, գազ չկար ընդհանրապես, բայց դիմադրում էինք, ինչ արած…»:

Բռնի տեղահանվածների շարքում շատերը կրկնակի, եռակի փորձության միջով անցածներն են: Մհեր Սահակյանը Հադրութից է, 44-օրյա պատերազմից հետո, երբ Հադրութն օկուպացվել է՝ բնակվում էր Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում, իսկ այժմ Երևանում է և չգիտի՝ ուր գնա…

Մանրամասները՝ տեսանյութում: