Արցախի և ադրբեջանցիների ինտեգրումն անհնար է. Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյան

25 Օգոստոսի 2023, 23:38

Քաղաքականություն

«Ինչպե՞ս կարող են միասին ապրել այն մարդիկ, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում փոխադարձաբար սպանել են միմյանց, ամեն ընտանիքում կան պատերազմում զոհվածներ և կան արյան վրեժի ծարավով հարազատներ»,- հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նրա խոսքով, առաջին պատերազմից սկսած և մինչև 44-օրյա պատերազմը արցախահայության մի քանի սերունդ ներգրավվել է հայրենիքի պաշտպանությանը, բազմաթիվ արցախցիներ վիրավորվել ու հաշմանդամ են դարձել մարտական գործողությունների ժամանակ։

«Մեր հերոսներին Ադրբեջանում հանցագործ են համարում, իսկ այնտեղ հայի սպանության համար ազգային հերոսի կոչում են շնորհում»,- ասել է Արցախի պետնախարարը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը արհեստականորեն և միտումնավոր հումանիտար ճգնաժամ է ստեղծել Արցախում, անընդհատ ուժ է կիրառում, միջամտում է գյուղացիների աշխատանքին, սպանում է մեր ժողովրդին, խոչընդոտում մեր հիվանդների բուժմանը։

«Կրկնում եմ՝ բոլորը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, պետք է հասկանան, որ առանց անվտանգության մթնոլորտի բարելավման, առանց Արցախի ժողովրդի դեմ ցեղասպան գործողությունների դադարեցման, կարգավորման շուրջ բանակցություններն անհնար են։ Սա օբյեկտիվորեն անհնար է, ինչը ապացուցված փաստ է։ Հակառակ քայլերը նպաստում են Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին»,- ասել է Արցախի պետնախարարը։

Հիմա եթերում