Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ․ Հավաքականը պատրաստվում է Աբխազիայի հետ ընտրական խաղին
26 Հունիսի 2023, 13:13
Ֆուտբոլի Արցախի հավաքականը պատրաստվում է Աբխազիայի դեմ ընտրական հանդիպմանը:
«Խնդիրը միայն Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումն է, բայց հավատում ենք, որ մինչեւ այդ կբացվի«,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:
Ֆուտբոլի Արցախի հավաքականը պետք է ընտրական հանդիպում անցկացնի Աբխազիայի հավաքականի հետ։ Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական հանդիպումը նախատեսված է հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» ստադիոնում:
Ավանեսյանի խոսքով՝ եթե Արցախի շրջափակումը չլիներ, Աբխազիայի հետ խաղը կլիներ հենց Արցախում: Իրավիճակով պայմանավորված՝ ConIFA-ի կողմից որոշում է եղել խաղն անցկացնել Աբխազիայում:
Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 2024-ին Քուրդիստանում (Հյուսիսային Իրաք)։
Հիշեցնենք, որ 2019թ․ հուլիս-հունիսին Արցախում անցկացվել էր Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությունը (ConIFA Euro-2019)։