Շարունակում ենք պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի համար և բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու նրանց վերադարձը հայրենիք․ Արցախի ԱԺ

09 Սեպտեմբերի 2024, 23:28

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած խոսքերին։

Բաղունցը, մասնավորապես, ասել է․

«Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին, կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»:

Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք:

ՀԳ 1. Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:

ՀԳ 2. Ի դեպ ԱՀ ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։