Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել, քան ինքը՝ Փաշինյանը. Մակրոն
29 Հունիսի 2023, 10:00
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների (տնտեսական, գեղարվեստական, քաղաքական, համայնքային, մարզական, մշակութային, առևտրային, գիտակրթական և այլն) հետ, որոնց անձամբ է հրավիրել։
ՀՅԴ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև պատգամավոր Սաբրինա Ակրեստի-Ռուպաշը, պատասխանելով իրեն ուղղված կոչին՝ «Պարոն նախագահ, մենք ակնկալում ենք ավելի հզոր նախաձեռնություն՝ գործնական և ոչ միայն բարոյական»,- ասել է հետևյալը.
«Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։
Արձագանքելով նախագահի այս պատասխանին՝ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասել է․
«Պարո՛ն Նախագահ, մենք՝ որպես Ֆրանսիայի քաղաքացիներ, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահի, և ակնկալում ենք, որ դուք գործնական աջակցություն ցույց կտաք արցախցի մեր հայրենակիցներին։ Գիտենք, որ մեր ընկեր Մուրատ Փափազյանը՝ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը, տարբեր առիթներով ձեզ հետ քննարկել է Արցախում տիրող տագնապալի և խորապես մտահոգիչ իրավիճակը, նույն պահանջով և նույն մակարդակով դիմում ենք Ձեզ։ Պետք է պարզ լինի նաև, որ մեզ համար անընդունելի է հայկական դարավոր Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկացած խոսակցություն կամ մտադրություն»։
Մակրոնը նաև ասել է.
«Չկասկածեք իմ վճռականության մեջ՝ կապված Արցախի և ընդհանրապես Հայաստանի հետ, ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն լինեմ այս օրակարգով։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան իր ռազմական կցորդին առաջին անգամ ուղարկել է Հայաստանում իր դեսպանատուն, որը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»։