Արցախի հողերը Հայաստանին չէին պատկանում, Փաշինյանն իրավունք չուներ տալու․ Հարութ Սասունյան
06 Սեպտեմբերի 2024, 23:36
Փաշինյանն, ինչպես միշտ, ամեն ինչ սխալ է անում։ Alpha News-ի ուղիղ եթերում այսպիսի կարծիք է հայտնել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։
«Զանգեզուրի միջանցքի հարցը բարդ է, բոլոր երկրներն էլ ունեն շահեր։ Միջանցքի հարցը, որ բացվեց 2020-ի՝ Հայաստանի պարտությունից հետո, ոչ մի կապ չպետք է ունենար Արցախի պատերազմի հետ։ Արցախը կորցրինք, կարող էին զինադադար հաստատել երեք կողմերը ու վերջ։ Բայց Փաշինյանն, ինչպես միշտ, ամեն ինչ սխալ է անում։ Զինադադարը արտառոց էր, այն իր նմանը աշխարհի պատմության մեջ չի ունեցել։ Նորմալ զինադադարն այն է, երբ երկու բանակները կանգ են առնում ու էլ չեն շարունակում պատերազմը այնտեղից, որտեղ հասել են։
Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ Հայաստանն Ադրբեջանին առանց կրակոցի հանձնեց տարածքներ, որտեղ ոչ մի ադրբեջանցի զինվոր ոտք չէր դրել։ Փաշինյանը, որ անընդհատ շեշտում է՝ ինքն ընտրվել է ՀՀ քաղաքացիների կողմից, ներկայացնում է ՀՀ-ն, ոչ թե Արցախը, ոնց կարող է այդ նույն մարդը ստորագրել փաստաթուղթ ու ասել՝ «ես այս հողերը տալիս եմ Ադրբեջանին»։ Այդ հողերը Հայաստանին չէին պատկանում, ինքն իրավունք չուներ տալու։ ՀՀ վարչապետը իրավունք չունի, եթե դա նույնիսկ ՀՀ-ին է վերաբերվում, այլ ոչ Արցախին, թուղթ ստորագրի։ Պիտի դա գնա Սահմանադրական դատարան ու Ազգային ժողով, որ վավերացվի»,- նշել է Սասունյանը։
Նրա կարծիքով՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կնքվել է մեծ սխալներով, որոնցից մեկը գերիների վերադարձի հարցն է։
«Նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ կային լիքը սխալներ, օրինակ՝ գերիների փոխանակումը, այն, որ երկու կողմերն էլ պիտի փոխանակեն բոլոր գերիներին։ Փաշինյանն ինչու ուղարկեց Բաքու ադրբեջանցի բոլոր գերիներին՝ առանց վերադարձնելու մեր գերիներին։ Մեր գերիները 4 տարի է, ինչ չարչարվում են բանտերում, որոշները՝ միգուցե սպանվել են։
Զանգեզուրի հարցը օրակարգում չէր լինի, եթե Փաշինյանը չմտածեր՝ թշնամի երկրների հետ որքան շատ հարաբերություն ունենա, այնքան խաղաղություն կլինի։ Դա միամիտ մոտեցում է։ Ադրբեջանցիներն ու թուրքերը օգտագործում են Փաշինյանի միամտությունն ու պարտադրում զիջումներ։ Փաշինյանն էլ ասում է՝ եթե չտանք, պատերազմ կլինի»,- եզրափակել է Հարութ Սասունյանը։