«Արցախի հռչակագիրը». Արամ Համբարյանը կոչ է անում միանալ ստեղծված փաստաթղթին ու տարածել
21 Հուլիսի 2023, 15:34
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն «Արցախի հռչակագիրը» վերտառությամբ էլեկտրոնային փաստաթուղթ է պատրաստել։ Սրանով Համբարյանը կոչ է անում Արցախի խնդրով մտահոգ բոլոր մարդկանց միանալ նախաձեռնությանը, այն է՝ ներբեռնել փաստաթուղթը, լրացնել անուն-ազգանունը, բնակության երկիրը, ստորագրել և լրացված փաստաթուղթը #ArtsakhDeclaration հեշթեգով անխնա տարածել սոցիալական ցանցերում։ Փաստաթղթում ասվում է.
«Արցախը միշտ եղել է և կմնա հայոց հայրենիքի անբաժանելի մասը։ Ոչ ոք բարոյական, իրավական կամ սահմանադրական իրավասություն չունի զիջելու կամ հանձնելու ժողովրդավարական Արցախն Ադրբեջանին՝ ավտորիտար բռնապետության, որը նպատակաուղղված է հայերի էթնիկ զտմանը և ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը:
Արցախն ունի անվտանգության, ինքնորոշման, միջազգային ճանաչման, ինչպես նաև՝ դեպի Հայաստան անվճար և անարգել տարանցման ու փոխադրման համընդհանուր և անօտարելի իրավունք՝ առանց ադրբեջանական սպառնալիքների, շրջափակումների կամ ագրեսիայի գործողությունների»։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ վարչակազմին ու Կոնգրեսին է դիմել մի շարք առաջարկ-հորդորներով, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել զենքի մատակարարումն այդ երկրին։