Ադրբեջանը հիմա ուղիղ պայքար է տանում Արցախի ինքնորոշման արդյունքների դեմ․ Արցախի պետնախարարի բացառիկ հարցազրույցը Alpha News-ին

04 Հուլիսի 2023, 21:44

Քաղաքականություն

«‎Արցախի ինքնորոշման իրավունքը վաղուց արդեն իրացվել է եւ մենք ապրում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների հետ »,- Alpha News-ի ուղիղ եթերի բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանն այսօր ուղիղ պայքար է տանում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների դեմ։

Ներսիսյանի խոսքով, որքան էլ միջազգային տարբեր դերակատարներ խոսեն ինքնորոշման իրավունքի՝ հետագայում իրացման կամ դրանից հրաժարման մասին, մենք հասկանում ենք, որ երբ Ադրբեջանը խոսում է Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդման անհրաժեշտության, Արցախի պաշտպանական ուժերի չեզոքացման մասին, դրանք հենց այն ինստիտուտներն ու կառույցներ են, որոնք ծնվել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում։

«‎Դրանք ինքնորոշման իրավունքի արտացոլման արդյունքներն են, հետեւաբար, պետք է լիարժեք հասկանալ, որ այն, ինչ ունենք, պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու ուղղությամբ»։

Ըստ պետնախարարի՝ իրավիճակային տարբեր խնդիրներ կարող են առաջանալ, որոնք պետք է ձգտել լուծել համբերատար եւ համերաշխորեն՝ ցուցաբերելով առավելագույն խելամտություն ու ճկունություն, մշտապես գիտակցելով գործողություններից բխող վտանգները։

Գուրգեն Ներսիսյանը ընդգծեց՝ որպես ելակետ պետք է ունենալ այն հիմքը, որը Արցախի ժողովուրդը տասնամյակներ առաջ է դրել եւ որի հիման վրա ձեւավորվել է Արցախի պետականությունը։

«‎Չլիներ ինքնորոշման իրավունքի արդյունքը, չէինք ունենա այն, ինչ տասնամյակներով կառուցել ենք եւ Ադրբեջանը գիտակցաբար է դրա դեմ պայքարում»,-շեշտեց պետնախարարը։

Գուրգեն Ներսիսյանն այս պնդումներն արեց, ի պատասխան հարցի, թե ո՞րն է Արցախի ակնկալիքը Հայաստանից, եթե 30 տարվա մեջ առաջին անգամ Արցախը մնացել է առանց Հայաստանի ուղիղ աջակցության, հատկապես, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո։

Արցախի պետնախարարն ասաց, որ ոչ թե ակնկալիք ունի անձանցից, իշխանություններից, Սփյուռքից կամ միջազգային դերակատարներից, այլ որոշակի քայլերի հաջորդականություն է պատկերացնում, որտեղ առաջինը իրավիճակի հստակ վերհանումն ու գնահատականը պետք է լինի։ Ըստ այդմ էլ, պետք է որոշվի քայլերի հաջորդականությունը, որոնք պետք է իրականացվեն Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կողմից՝ իշխանությունների եւ քաղաքացիների, ինչպես նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։