Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնայով ռուսական բեռների մուտքը հանրապետություն

09 Սեպտեմբերի 2023, 20:50

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ։

«Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ակնա քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը Արցախ մարդասիրական օգնություն է ուղարկել Ակնա քաղաքով անցնող երթուղով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական բեռը հատել է ռուս-ադրբեջանական սահմանը ժամը 13:30-ի սահմաններում: