«Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում». Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ
28 Հունիսի 2023, 13:20
Այսօր Արցախի Ազգային ժողովը հերթական նիստն է գումարել, որտեղ խորհրդարանի նախագահ Աթուր Թովմասյանն ասել է, որ Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում
«Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է:
Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը:
Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը:
Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը: Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:
Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»:
Թովմասյանը բարձր է գանահատել ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի « Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը: