Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ․ Գուրգեն Ներսիսյան

15 Հուլիսի 2023, 21:11

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ՝ հավելելով, որ ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից որևէ հայտարարություն անել։

«Մենք ականատեսն ենք լինում, որ ամենատարբեր հարթակներում հնչում են հայտարարություններ, որոնց համաձայն՝ մենք ունենք բազմաթիվ բացթողումներ բանակցային գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։ Ուզում եմ հայտարարել, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է։ Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն ու որոշում առ ոչինչ են։ Թո՛ղ որևէ մեկը թույլ չտա իրեն սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովորդի իրավունքները՝ ինքնորոշման իրավունքը ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը»,-հայտարարել է նա։

Այսօր էլ Արցախի օրհներգով և աղոթքով մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման հերթական հանրահավաքը: Նախօրեին Վերածննդի հրապարակում տեղադրվել են վրաններ՝ շարժման մասնակիցների գիշերակացի և առօրյայի կազմակերպման համար:

Հիշեցնենք, որ արցախցիները համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ նրանք միջազգային հանրությունից պահանջել են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ:Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն էր տեսաուղերձով հայտարարել անժամկետ շարժում սկսելու մասին եւ, դիմելով արցախցիներին, ասել` մենք զիջելու, լքելու Արցախ չունենք։

Հիմա եթերում