Արցախի ժողովրդին օգնելու հարցում Ֆրանսիայում բոլոր քաղաքական ուժերը միասնական են. Փարիզի փոխքաղաքապետ

19 Օգոստոսի 2023, 00:20

Քաղաքականություն

Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան բացառիկ հարցազրույց է տվել Alpha News-ին և մտահոգություն հայտնել Արցախում տիրող հումանիտար աղետի վերաբերյալ: Ավելի վաղ Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ էր քվեարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը 20 հազար եվրո մարդասիրական օգնություն ուղարկելու նրա նախաձեռնությանը, որին այնուհետև միացել էին ֆրանսիական բազմաթիվ տեղական ինքնակառարման մարմիններ: Հումանիտար բեռն այժմ Կոռնիձորում արգելափակված է:

— Շնորհակալ եմ, պարո՛ն Նգաչա, Alpha News -ի հետ զրուցելու հրավերն ընդունելու համար: Արցախի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ անցկացրեց: Ավելի վաղ Ձեր նախաձեռնությամբ Փարիզից օգնություն էր ուղարկվել Արցախին, որն այդպես էլ տեղ չի հասել: Ի՞նչ մտահոգություններ ունեք:

— Միջազգային հանրությունը փաստում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական մեծ ճգնաժամ է՝ բնակչությունը հուսահատության և ողբերգական օրեր է ապրում՝ զրկված են տարրական կենսապայմաններից, ինչը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասն այս ամենը վկայակոչեց: Այս ամենը կանգնեցնելու համար պետք է հնարավորին ամեն բան անել, և հենց դա է պատճառը, որ Փարիզի քաղաքային խորհուրդը օգնության նպատակով գումար դուրս գրեց հուլիսին: Մեզ միացան ֆրանսիայի մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններ, և համատեղ օգնություն ուղարկեցինք Հայաստան: Առաջին բեռնատարը հասել է Սյունիք և կանգ է առել, պատրաստվում ենք ևս մի քանիսն ուղարկել: Հարկավոր է՝ միջազգային հանրությունը ճնշում գործադրի, որ Ադրբեջանը հարգի մարդու հիմնարար իրավունքները: Ալիևի ռեժիմը Ղարաբաղի հայ բնակչությանը օգտագործում է հայերի դեմ իր մղած պայքարում, ինչն անընդունելի է: Ֆրանսիայի քաղաքները նրանց օգնության հասնելով՝ ցույց ենք տալիս, որ նրանք միայնակ չեն, մենք նրանց չենք լքի: Մեր ձայնը քաղաքագիտական տերմինով ասած, soft power ՝ փափուկ ուժ է: Մենք՝ մեր հերթին, մեր տեսակետն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանությանը, որը կարևոր դերակատարում ունի Մինսկի խմբում և, առհասարակ, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

— Ի՞նչն է Ձեզ դրդում սատարել Արցախին:

Ես խորը կապվածություն ունեմ հայերի ու Հայասռանի հետ, ճանաչել ու սիրել եմ մշակույթը, խորությունը, որդեգրած արժեքները, որոնք ես ինքնս էլ եմ կրում: Նաև, կարծում եմ, որ պետք է պաշտպանել ճնշված ժողովուրդներին: Ալիևի ռեժիմը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարբեր մեղադրանքներ է հնչեցնում՝ Հայաստանի հանդեպ ունեցածս դիրքորոշման համար, բայց այստեղ պետք է նշեմ, որ ամենից առաջ, ես պաշտպանում եմ հայերին, քանի որ ոտնահարված են մարդու միջազգային հիմնարար իրավունքները: Մենք չենք կարող լուռ մնալ մեր աչքի առաջ տեղի ունեցող իրադաձությունների վերաբերյալ: Ի դեպ, մի հրաշալի բան կա այստեղ. այն է, որ Հայաստանի հանդեպ ունեցած կարծիքի հարցում Ֆրանսիայում բոլորս միասնական ենք՝ չկան աջակողմյաններ, ձախակողմյաններ, չկան քաղաքական բանավեճներ, բոլորս սրտով հայերի հետ ենք ու միասնական՝ հայերին ձեռք մեկնելու հարցում: