Արցախի կորուստը կոտրեց մեր ողնաշարը․ Նիկոլ Աղաբաբյան

31 Հոկտեմբերի 2024, 23:00

Կարծիք | Մշակույթ

Եթե մենք կենտրոնանանք միայն նրա վրա, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ապա կխճճվենք: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

«Մենք շատ թուլացած վիճակում ենք, բայց պետք չէ թուլանալ, հուսահատվել, բոլորս էլ այդ գիտակցական մակարդակը ունենք, որ պետք է համախմբվել, միանալ, ամրանալ: Եթե մենք կենտրոնանանք միայն նրա վրա, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ապա կխճճվենք, բայց երբ աշխարհին ես նայում, թե ինչ տենդենց է, ուր է գնում, ինչ է տեղի ունենում, հասկանում ես, թե Հայաստանում ինչ է կատարվում, ինչ է սպասվում և ովքեր են իրականացնողները»,- նշեց Աղաբաբյանը:

Նրա խոսքով՝ պետք է վերլուծել այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

«Ես ստեղծագործում եմ Հայաստանից ստացած էներգիայով: Այն աստվածատուր, աստվածահաճո երկիր է: Ըստ իս՝ իրական մշակույթը ծնունդ է առել հենց Հայաստանից: Դրա համար էլ ընտանիքիս հետ որոշել ենք, որ պետք է վերադառնանք Հայաստան, մենք մեզ լիարժեք ենք զգում միայն մեր հայրենիքում: Կարծում եմ՝ պետք է ըմբռնումով մոտենանք այն բոլոր խնդիրներին, որոնք կան Հայաստանում, այո, դրանք քիչ չեն՝ թե՛ սոցիալական խնդիրներն են շատ, թե՛ կրթական, բայց ամենակարևորը Արցախի կորուստն էր, որը կոտրեց մեր ողնաշարը, բայց մեկ է՝ դրանք մեզ պետք է ուժեղացնեն, ոչ թե թուլացնեն: Մենք պետք է վերլուծենք այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, և Աստծո լույսով առաջ գնանք»,- եզրափակել է Աղաբաբյանը: