Արցախի լուծարման հրամանագիրը իրավական ոչ մի ուժ չունի և չի կարող ունենալ․ Կարեն Բեքարյան

22 Դեկտեմբերի 2023, 23:32

Կարծիք | Քաղաքականություն

Մենք Արցախի Հանրապետություն շարունակելու ենք ունենալ, քանի որ պետությունը չի կարող լուծարվել երկրի նախագահի հրամանագրով։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

«Մենք Արցախի Հանրապետություն շարունակելու ենք ունենալ, որովհետև այն հրամանագիրը, որը ստորագրել էր Արցախի նախագահը, իրավական ոչ մի ուժ չուներ և չէր կարող ունենալ, քանի որ երկիրը չի կարող լուծարվել երկրի նախագահի հրամանագրով։ ՍՊԸ-ը,ՀԿ-ը, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություններն անգամ հնարավոր չի գործող նախագահի ստորագրությամբ լուծարել։ Ընթացակարգեր կան, իրավասություններ կան, վերջիվերջո Սահմանադրություն կա»,- ասաց Բեքարյանը։

Քաղաքագետն ընդգծում է՝ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի կողմից շանտաժի միջոցով։

«Այն, որ այս փաստաթուղթն ի սկզբանե իրավական ոչ մի ուժ և արժեք չուներ, միանշանակ էր։ Այն ստորագրվել է հարկադրաբար, Ադրբեջանի կողմից շանտաժի միջոցով։ Հետևաբար, ով ինչ կխոսի կամ ինչ կասի այսօր, Արցախի լուծարում չկա և չի կարող լինել։ Բայց եթե անդրադառնանք այդ փաստաթղթին, ապա եթե մեղմ արտահայտվեմ, կասեմ ծիծաղելի, եթե կոշտ՝ կասեմ զզվելի։ Մենք տեսել ենք ընդամենը մի փաստաթուղթ, ըստ որի՝ Արցախի նախագահն իր հրամանագրով չեղարկել է նախորդ՝ իր իսկ ստորագրած հրամանագիրը։ Սա նորմալ չի, և իրավական տեսանկյունից Արցախի լուծարում նման ձևով չի կարող լինել»,- եզրափակեց Բեքարյանը։

Հիմա եթերում