Արցախի լրագրողներն իրավունք ունեն պահանջելու միջազգային գործընկերներից՝ երկերեսանիություն չցուցաբերել և գալ, լուսաբանել այստեղի ծանր իրավիճակը. ՄԻՊ

23 Հուլիսի 2023, 10:00

Քաղաքականություն

Արցախի լրագրողների խաղաղ ակցիան շատ հստակ ազդակ պետք է լինի աշխարհի լրագրողներին, միջազգային մեդիային, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Գլոբալ մեդիա ֆորում կազմակերպելը միջազգային հանրության աչքերին հերթական թոզ փչելն է, իսկ մարդիկ, ովքեր եկել են հումանիտար աղետից ընդամենը կիլոմետր այն կողմ ու խրախճանքների մեջ են և որոնց ադրբեջանցիները կերակրում են բառի բուն ու փոխաբերական իմաստներով, բարի լինեն, իջնեն Ստեփանակերտ, Արցախի այլ համայնքներ՝ ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը, թե ինչպիսի զրկանքների ու տառապանքների միջով է անցնում Արցախի հազար բնակչությունը:  

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որ Արցախի մի խումբ լրագրողների հրավերով մասնակցել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարահատվածին նրանց կողմից կազմակերպված խաղաղ ակցիային, որի ժամանակ կաչ է արվել ֆորումի մասնակիցներին հավատարիմ մնալ լրագրողի առաքելությանը՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը:

«Արցախի լրագրողները 7 ամիս շարունակ, իրենք էլ կրելով շրջափակման ամենամեծ դժվարությունները, շարունակել են իրենց աշխատանքը գոնե ինչ-որ ձևով Արցախի Արցախի ձայնը դրսում ներկայացնելու ուղղությամբ և նրանք կարող են ու իրավունք ունեն պահանջելու իրենց գործընկերներից երկերեսանիություն չցուցաբերել և գալ Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը ներկայացնել»,-նշել է նա՝ հավելելով, որ արցախցի լրագրողների հրավերով եկել է մասնակցելու և աջակցելու, որպեսզի նրանց  ձայնը տարածվի աշխարհում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 22-ին, արցախցի մի խումբ լրագրողներ խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին: Նրանք Արցախի Հանրապետության լրագրողների համայնքի կողմից մարդկային և մասնագիտական կոչ են ուղղել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին:

«Դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և խոսույթների հաղորդումը,
Դադարեցնել խոսքի ազատության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների դեմ բռնապետական ռեժիմի կողմից աղաղակող խախտումներին աջակցելը,

Գալ ձեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր բնակավայրեր՝ լուսաբանելու մեր ժողովրդի իրական կյանքը և ձեզ Շուշի հրավիրողների ու կերակրողների իրական դեմքը,
Հավատարիմ մնալու ձեր առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը,

Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին լուսաբանում իրականացնելը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։