Արցախի նախագահը պարտավոր էր կանգնել ժողովրդի առաջ ու խոսել. Մետաքսե Հակոբյան
15 Հուլիսի 2023, 15:00
Արցախի նախագահը պարտավոր էր այս իրավիճակում` Ստեփանակերտում այսօր սկսված համաժողովրդական անժամկետ շարժման հանրահավաքի ժամանակ, ելույթ ունենալ։ Alpha Newsroom-ի եթերում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Անհանսգտացնող էր այն հանգամանքը, որ Արցախի նախագահը բեմում չէր եւ ժողովրդին ուղերձով չդիմեց, մինչդեռ դա պետք է լիներ, երկիրը ռազամական դրության մեջ է եւ գերագույն գլխավոր հրամանատարի խոսքի կարիքն այսօր կա, անկախ նրանից, թե ինչ վստահություն կա նրա նկատմամբ։ Բոլորս սպասում էինք, որ նա խոսեր»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ նախագահ Արայիկ Հարությունյանը լեգիտիմ չէ եւ վստահություն չկա նրա նկատմամբ՝ որպես նախագահի եւ գերագույն գլխավոր հրամանատարի։
«Այլեւս չի ստացվում, որ նա կարողանա դուրս գալ ժողովրդի առաջ ու խոսի, կարծում եմ՝ դա չի ընդունվի։ Բայց բազմաթիվ հարցեր կային, որոնք ուղղված էին նրան, նա այս իրավիճակում ուղղակի պարտավոր էր կանգնել ժողովրդի առաջ ու խոսել՝ անկախ նրանից անհանգստանո՞ւմ է, թե՞ չի անհանգստանում։ Նա պետք է կրի այդ պատասխանատվությունը։ Եթե կա վախ, անհանգստություն, ուրեմն գիտակցում կա, որ ժողովուրդն իրեն չի ընդունում, իսկ այդ պարագայում մեկ ճանապարհ կա՝ հրաժարական, որը վաղուց պետք է արվեր»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։
Ընդհանուր առմամբ, պատգամավորի փոխանցմամբ` Ստեփանակերտում այսօր մեծ էներգետիկա էր տիրում։
«Մեծ տպավորություն թողեցին Տեր Ներսեսի եւ Մարդու իրավունքների պաշտպանի ելույթները, որոնք ներկայացրեցին արցախցիներիս ապրումները ու այն սպասելիքները, որոնք ունենք։ Բոլորը հուզված էին, արտասված, մարդիկ նույնիսկ չէին կարողանում ձայնակցել հնչող վանկարկումներին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Վաղը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումը, սակայն պատգամավորի աչքից չի վրիպել այն, որ հանրահավաքին որեւէ ուղերձ չասվեց Հայաստանի վարչապետին, ինչն ըստ նրա՝ ընդունելի չէր, քանի որ նա այդ գործընթացները իրականացնող գլխավոր դերակատարն է։
«Բոլորս անհամբեր սպասում ենք վաղվան, բայց բանակցային գործընթացից առաջ որեւէ պահանջ չեղավ Հայաստանի իշխանությանը, ինչն ընկալելի չէ, մինչդեռ պահանջներ կային միջազգային հանրությանը, ռուս խաղաղապահներին,Կարմիր խաչին եւ աշխարհասփյուռ հայությանը»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ արցախցիներն այսօր առավոտյան համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առավոտյան մեկնարկած հանրահավաքի ժամանակ նրանք միջազգային հանրությունից պահանջեցին քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիները երթով շարժվել են Կարմիր խաչի գրասենյակ, ապա Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահների շտաբը, ներկայացրել իրենց պահանջները։ Արցախի մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ պետնախարար Գուրգեն Ներսիյանը, հանդիպել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձով հայտարարեց անժամկետ շարժում սկսելու մասին եւ, դիմելով արցախցիներին, ասաց` մենք զիջելու, լքելու Արցախ չունենք։
Պետնախարարը կոչ արեց առավոտյան ժամը իննին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: