Արցախի պաշարման հետևանքով հայ ժողովուրդը կանգնել է մահվան դռան առաջ. Ադրին Նազարյան

01 Սեպտեմբերի 2023, 13:10

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում Կալիֆոռնիայի նահանգային ժողովի նախկին անդամ Ադրին Նազարյանը հայտարարել է՝ Արցախի պաշարման հետևանքով հայ ժողովուրդը կանգնել է մահվան դռան առաջ.

«Շատ կարևոր է, որ նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինքենը տեսնեն, թե ինչ է կատարվում հիմա: Արցախում ուտելիքի պաշարները արդեն կամ քիչ են, կամ չկան: Հայ ժողովուրդը կանգնել է մահվան դռան առաջ: Կարևոր է՝ ցույց տանք, որ նախ և առաջ մենք պիտի ապահովենք արցախցիների կյանքը, ազատությունը և այնպես անենք, որ նրանք կարողանան իրենց պապենական հողերի վրա ապրեն»,- ասել է Ադրին Նազարյանը:

Նրա փոխանցմամբ՝ իր տատն ու պապն էլ 1920 թվականի դեկտեմբերին են դուրս եկել Արցախից ու գնացել Բաքու.

«Հենց այնտեղ էլ իմ հայրը ծնվել է, ապա Ստալինի իշխանության տարիներին գնացել Պարսկաստան: Մենք չպետք է այդպես ապրենք, մենք պետք է մեր պապենական հողերի վրա տեղ ունենանք, ու երբ ուզենք, կարողանանք հետ գնալ ու տեսնել, թե մեր արմատները որտեղ են»,- եզրափակել է Նազարյանը: