Արցախի քաղաքական ուժերը ողջունում են «ՀայաՔվե» նախաձեռնությունը

04 Հուլիսի 2023, 16:17

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» ու «Արցախի ժողովրդավարական» խմբակցությունները «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարությամբ են հանդես եկել։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։

Հայտարարության մեջ շեշտվում է.

«Ելակետ ընդունելով այն, որ համազգային խնդիրները հարկ է լուծել բացառապես համազգային ընթացակարգերով, մեկ անգամ ևս պետք է արձանագրվի, որ Արցախի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստի որևէ խմբագրում հնարավոր է բացառապես ժողովրդական կամարտահայտությամբ, ուստի, առանձին անձինք և շրջանակներ իրավասու և լիազորված չեն վճռահատելու համազգային առանցքային հարցերը»։