Արցախի Շիրակացու ճեմարան դիմողների թիվը կտրուկ աճել է

26 Հուլիսի 2023, 21:54

Կրթություն

Որո՞նք են «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի նպատակները, ինչ առաջնահերթություններով ու սկզբունքներով են առաջնորդվում ուսումնական այս հաստատությունում. «Արցախթերթ»-ի հարցերին պատասխանել է «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի տնօրեն Անահիտ Ղարաղազարյանը:

-2023-2024 թթ․ ուսումնական տարվան ընդառաջ մենք հայտարարեցինք մրցութային ընդունելություն Ճեմարանի 5-10-րդ դասարաններում։ Ի ուրախություն մեզ՝ դիմորդների տպավորիչ մեծ հոսք գրանցեցինք գրեթե բոլոր տարիքային խմբերում՝ առաջարկվող 120 տեղի համար հայտագրվեց 219 դիմորդ։ Նախօրոք հրապարակված ընդունելության կանոնների համաձայն՝ բոլոր առարկաներից դրական շեմը հաղթահարած դիմորդները երաշխավորվել են Ճեմարանում ուսումնառության։ Իսկ արդեն առավելագույնը երկու առարկայից բացասական արդյունք գրանցած սաներն ընդունվել են պայմանական կարգավիճակով, որի համաձայն նրանք պետք է առաջին կիսամյակի ավարտին դրական արդյունք գրանցեն այդ առարկայից (ներից)։ Արդյունքում՝ 124 դիմորդներ երաշխավորվեցին Ճեմարանում ուսումնառության, ինչը, կարծում եմ, գոհացուցիչ արդյունք է։

-Դիմորդներին ընդունելության 2-րդ փուլի հնարավորություն կտրվի՞: Ովքե՞ր կարող են դիմել, ո՞ր դասարանից սկսած:

-Առաջին փուլի արդյունքների ամփոփմամբ արձանագրեցինք, որ թափուր տեղերը համալրելու համար ընդունելության երկրորդ փուլ կհայտարարենք միայն 8-րդ և 9-րդ դասարանների համար՝ 11 և 6 տեղերի համար համապատասխանաբար։

-Մրցութային ընդունելություն էր հայտարարված նաև ուսուցիչների համար. ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

-Մանկավարժական կազմի ընտրության գործընթացը ոչ պակաս պատասխանատու և պարտավորեցնող էր։ Թափուր տեղերը համալրելու այս փուլի հայտարարությանը արձագանքեցին շուրջ հինգ տասնյակ մասնագետներ, ովքեր, ըստ Ճեմարանի գործող կարգի, նախ հանձնեցին մասնագիտական գիտելիքները ստուգող թեստ, ապա այն հաղթահարելուց հետո հրավիրվեցին հաջորդ՝ հոգեբանամանկավարժական բանավոր փուլին։ Վերջինս անցկացվեց հեռավար, և ներկա էին Երևանի Ճեմարանի փոխտնօրենները։ Արդյունքում՝ միասնաբար ընտրեցինք ապագա ուսուցիչներին և ընդլայնեցինք մեր ընտանիքը։

-Ո՞րն է Ճեմարանի միտումն ու նպատակը, ի՞նչ մոտեցում է այն առաջարկում և ո՞րն է առաջնահերթությունը կրթահամալիրի օրակարգում:

-Մայր ճեմարանի առաքելությունն է՝ ազգային հենքի վրա համամարդկային բարձր բարոյական արժեքներ կրող պատասխանատու քաղաքացի և մտավորական ձևավորելը, որը, վստահ իր ուժերին, պատրաստ է շարունակական պայքարի և նախաձեռնողականության միջոցով աշխարհը դարձնել խաղաղ, կայուն և ներդաշնակ։ Մենք համոզված ենք, որ այս ձևակերպման մեջ եղած բառիմաստների մեջ է մեր գալիք հաղթանակների բանաձևը։ Հետևապես, միայն ժամանակի պահանջներին համապատասխան, հմտությունների զարգացմանն ուղղված կրթական համընդգրկուն ծրագրով հնարավոր կլինի առողջ, բանիմաց և կենսունակ սերունդ ձևավորել։ Օրակարգում մշտապես առկա է կրթության ժամանակակից մոտեցումների ուսումնասիրումն ու դրանց ակտիվ տեղայնացումը, ընդ որում ոչ միայն մեր Ճեմարանում, այլև Արցախի մյուս կրթօջախներում: Մեր տեսլականը ենթադրում է նաև Արցախի ճեմարանի կրթական հենքի վրա համահայկական հզոր կրթական կենտրոնի ձևավորում։

-Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Ճեմարանը և ի՞նչ առավելություններ ունի կրթությունն այստեղ:

-Մեզ համար արդարությունը, ազնվությունը, անաչառությունը, թափանցիկությունը ուղենիշային և անսակարկելի սկզբունքներն են։ Սրանք այն նույն ճեմարանական սկզբունքներն են, որոնք ի սկզբանե որդեգրվել են Մայր Ճեմարանի կողմից, և որոնց անշեղորեն պահպանման, հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել արձանագրել կրթական բարձր որակը։ Արցախի Ճեմարանի համար մշակված հատուկ կրթական ծրագիրը կոչված է կերտել հայրենիքի պաշտպանության և գիտատեխնիկական առաջընթացի համար պատասխանատու օրինապաշտ քաղաքացու, ուստի այն, առաջին հերթին, թույլ է տալիս բացահայտել շնորհալի և օժտված սովորողներին և նրանց կարողություններին համապատասխան մակարդակով կրթական գործընթաց կազմակերպել:

՞նչ խնդիրներ ունի այսօր Ճեմարանը, շրջափակումն ինչպե՞ս ազդեց ուսումնական գործընթացի վրա:

-Որքան էլ ջանասիրաբար աշխատենք, համառորեն հաղթահարենք մեր առջև ծառացող խնդիրները, այդուհանդերձ անհերքելի է, որ շրջափակումը ստիպել է բոլորիս խմբագրել մեր ծրագրերը, առօրեական անելիքները, բայց ոչ երբեք՝ նպատակները։ Հետաքրքիր է, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից Ճեմարանի պարագայում ամենօրյա դժվարությունների աճին զուգընթաց՝ էապես ավելանում էին մեր առարկայական նախագծերն ու բազմաբովանդակ միջոցառումները։ Կարծում եմ, բացառապես աշխատանքի վրա կենտրոնանալը նաև հոգեբանորեն լավագույն ճիշտ գործելաոճն էր, որը մեծապես նպաստեց մեր համայնքի ոգին բարձր պահելու հարցում, օգնեց անշեղորեն առաջ գնալ զարգացման ուղով։ Եվ այսօր արդեն հստակ արդյունքներով կարող ենք վկայել, որ սեփական աշխատանքը բարեխղճորեն կատարելը նույնպես պայքարի արդյունավետ միջոցներից է։

Ինչ խոսք, կապի խափանումներով պայմանավորված՝ փոխել ենք երևանյան գործընկերների հետ մեր հանդիպումների ժամանակացույցը, տեխնիկական միջոցների կիրառումը դասերի ընթացքում սահմանափակվել է, հաճախ դասացուցակը «հարմարեցրել ենք» հովհարային անջատումների գրաֆիկին, զգալիորեն տուժել է սաներին սննդով ապահովելու ծրագիրը և այլ նմանօրինակ խնդիրներ, որոնց, ցավոք, առերեսվել է ողջ կրթական համակարգը։ Եվ, այնուամենայնիվ, աշխատանքային կարգապահության, ուսուցիչների, սաների և ծնողական համայնքի փոխգործության շնորհիվ կարողացել ենք հաղթահարել դրանք։ Այժմ նույնպես, ճեմարանական ողջ համայնքը միասնաբար պատրաստ է լծվել նոր ուսումնական տարին հնարավորինս լիարժեք նախապատրաստված սկսելու գործում։