Արցախի շրջափակումը 120,000 մարդու սովի է մատնել՝ պարտավոր ենք ինչ-որ բան անել. Բըրբանքի քաղաքապետ

18 Օգոստոսի 2023, 23:00

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Բըրբանքի քաղաքապետ Կոնստանտին Էնթոնին անդրադարձել է օրեր շարունակ՝ ի պաշտպանություն Արցախի, ամերիկահայերի իրականացրած բողոքի ակցիաներին եւ նշել՝ ակցիայի գաղափարը ենթադրում է, որ որոշ մարդիկ պետք է անհարմարություն զգան: Եթե հնարավոր է անտեսել բողոքի ակցիան, ուրեմն դա լավ ակցիա չէ : Կոնստանտին Էնթոնին շեշտել է՝ Արցախի շուրջ թնջուկը նոր չէ, հասել ենա այն կետին, երբ հարկավոր է գործել:

«Ես խոսում էի մի շարք տեղական պաշտոնյաների հետ: Շատերը համաձայն էին, որ ինչ-որ գործողություն պետք է տեղի ունենա: Արցախի շրջափակումը 120,000 մարդու սովի է մատնել՝ ամիսներ շարունակ: Շատերն այս շաբաթ են իմացել այս ամենի մասին, բայց Բըրբանքի ու Գլենդելի հայ ընտանիքները շատ ավելի վաղուց էին տեղյակ: Մնացյալ աշխարհը նոր է սկսել նկատել խնդիրը: Չգիտեմ՝ ինչու է այդքան երկար տևել՝ հասկանալու համար, բայց ես մարդկանց շարունակում եմ ասել, որ թնջուկը նոր չէ: Այս ամենի հետ մենք վաղուց ենք առնչվում և հասել ենք այն կետին, որ պարտավոր ենք ինչ-որ բան անել: Մարդիկ այնտեղ զրկված են սննդից, ջրից, հոսանքից, հիմա էլ՝ արդեն ինտերնետից: Բավակա՛ն է»,- շեշտել է Կոնստանտին Էնթոնին:

Բըրբանքի քաղաքապետի համոզմամբ՝ ամերիկահայերի ակցիան ավելի է ընդլայնվելու ու ավելի աղմկոտ է դառնալու:

«Մի հայտնի մեջբերում անեմ հարավաֆրիկացի եպիսկոպոսից՝ եթե անարդարության հարցում մնում ես չեզոք, սատարում ես անարդարությունը: Եթե ինչ-որ մարդ, խումբ, երկիր ակտիվորեն ճնշում է մեկ այլ մարդու, խմբի կամ երկրի, դու չես կարող պարզապես ասել՝ հե՛յ, երկու կողմից էլ եկեք համաձայնության, ես չեզոք եմ, եկե՛ք խոսենք, դա արդեն քո թուլությունն է ցույց տալիս: Դու գիտես՝ մեկը վնասում է մյուսին: Պիտի քայլ անես ու կանգնես ճնշվածի կողքին: Բոլոր նրանց, ովքեր իրենց տներից հետևում են, աջակցե՛ք ցուցարարներին: Բողոքի ակցիաներն ավելի աղմկոտ են դառնալու, ավելի մեծ, մինչև ամեն ինչ կլավանա, մենք պիտի շարունակենք մնալ փողոցներում»,- եզրափակել է Կոնստանտին Էնթոնին: