Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Քերոլայն Քոքսի հետ
16 Սեպտեմբերի 2023, 18:00
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Հայաստանում հանդիպել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:
Սրբազան Հայրն իր օրհնանքի և երախտիքի խոսքերն է փոխանցել Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և բոլոր ներկաներին Արցախի հարցով մտահոգված լինելու համար:
Արցախի թեմի հաղորդմամբ՝ հյուրերը հետաքրքրված էին Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:
Քննարկվել են Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր: