Արցախի թեմի առաջնորդը կոչ է արել համախմբվել և աջակցել շուրջ 120,000 բռնի տեղահանված արցախահայերին
14 Սեպտեմբերի 2024, 15:00
Հայկական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցաբար «MUNK» Germany նախաձեռնությունը և ՀԲԸՄ – Վառնայի մասնաճյուղը «Ռադիո Վառնա» արվեստի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին հանդիպում են կազմակերպել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն ու «MUNK» Germany-ի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է Արցախի թեմի մամուլի ծառայությունը։
Վրթանես Սրբազանը հանդիպման ժամանակ իր մտահոգություններն է ներկայացրել Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների կապակցությամբ։ Նա կոչ է արել համախմբվել և աջակցել հումանիտար ճգնաժամի զոհ դարձած շուրջ 120,000 բռնի տեղահանված արցախահայերին:
Հանդիպման ընթացքում ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր` 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի և ցեղասպանության սպառնալիքի պայմաններում տեղի ունեցած արցախահայության բռնի տեղահանության մասին։