Արցախի թեմի առաջնորդը խոստացել էր ներողություն խնդրել, ինչը չի արել. թեմական խորհրդի ատենապետ

30 Նոյեմբերի 2025, 10:39

Քաղաքականություն

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացի ցասումն ու զայրույթը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Թեմական խորհրդի ատենապետը հայտնել է նաև, որ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդին և հորդորել հայտարարությամբ հանդես գալ և ներողություն խնդրել իր բռնագաղթյալ ժողովրդից։

Այդուհանդերձ, չնայած թեմի առաջնորդի հավաստիացումներին, հայտարարության մեջ ներողության խոսք չի չհնչել։

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի` փաստացի Արցախի թեմի առաջնորդը չցանկացավ ներողամտություն հայցել իր ժողովրդից։ Դեռ ավելին, իր հայտարարություններով ավելի խորացրեց վրդովմունքն ու ափսոսանքը։

Հովհաննիսյանը հավելել է, որ առաջիկայում թեմական խորհուրդն այս առնչությամբ հանդես կգա իր հստակ դիրքորոշմամբ։

Նա անթույլատրելի է համարել նաև Արցախի թեմի կայքէջը թեմին չվերաբերող մի խումբ հոգևորականների խոսափող դարձնելը։

Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մի խումբ այլ բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ նոյեմբերի 29-ին նրանք հանդես են եկել Ամենայն Հայոց կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու կոչով։