Արցախի խորհրդարանում առաջարկում են աջակցել կարկուտից տուժած այգեգործներին

27 Հունիսի 2023, 14:35

Տնտեսություն և Բիզնես

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը այսօր լսումներ է կազմակերպել, որին հրավիրվել են գյուղատնտեսության նախարար Գ. Հայրիյանը, շրջվարչակազմերի ներկայացուցիչներ և այգեգործներ: ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել են կարկտահարության հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումները:

Վնասներ են կրել հիմնականում Ասկերանի ու Մարտակերտի շրջանները: Հունիսի 15-ի տվյալներով, կարկտահարվել է 1661,4 հա տարածք:

Լսումներին ներկա երիտասարդ այգեգործները տեղեկություններ են տրամադրել իրենց այգիների վիճակի մասին: Նրանք գումարներ են ծախսել թունաքիմիկատների վրա, կարկուտի պատճառով բերք չեն ստանալու, ուստի դիմում են փոխհատուցման հարցով:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Կասյանը առաջարկել է 2023 թվականի բյուջեով նախատեսված ու մասամբ իրականացված ծրագրերի գումարի հաշվին աջակցել կարկուտից տուժած այգեգործներին:

Հարցը կբարձրաձայնվի խորհրդարանի հերթական նիստում, պատգամավորները կդիմեն Հանրապետության նախագահին: