Արցախի խորհրդարանը պահանջում է դադարեցնել Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները

28 Հունիսի 2023, 13:25

Քաղաքականություն

Արցախի Ազգային ժողովը պահանջում է դադարեցնել Վաշինգտոնում մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցությունները, քանի դեռ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններում հրադադար չի հաստատվել, հակառակ պարագայում, ըստ Արցախի խորհրդարանի, բանակցությունները շարունակելը կնշանակի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի խրախուսում: Արցախի Ազգային ժողովը քիչ առաջ այս մասին միաձայն հայտարարություն ընդունեց:

«Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ Արցախի ժողովրդի անունից դիմում ենք վաշինգտոնյան բանակցություններում հայաստանյան պատվիրակության ղեկավարությանը՝ անհապաղ դադարեցնել բանակցությունները մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Արցախի խորհրդարանը դիմեց նաեւ ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, որպեսզի կարեկցանքի հայտարարություններից բացի ձեռնարկվեն գործնական քայլեր:

«Մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգեւորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ եւ անվերահսկելի: Դիմում ենք նաեւ Ռուսաստանի դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային ցեղասպան գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել նաեւ ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը 4 զոհ ունի: Արցախի խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ լիակատար շրջափակման պայմաններում Արցախի քաղաքացիների սպանությունը վկայում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը անտեսում է միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները եւ խաղաղության ու երկխոսության կեղծ օրակարգերի ներքո ցեղասպանական գործողություններ անում ՝ ձգտելով հասնել իր հիմնական նպատակին՝ հայաթափել Արցախը:

«Ուշագրավ է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը նախորդ դեպքերի համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ներկայում ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա անշուշտ եւս մեկ անգամ վկայում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձեւավորման նմանակում, իբր թե միջազգային ջանքերի համատեքստում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք նաեւ՝ հունիսի 27-ին Վաշինգտոնում մեկնարկել են ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնք նախատեսված են երեք օր: Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Արցախի ԱԺ հայտարարությունն ամբողջությամբ ներկակացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, ս.թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 01.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:

Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.

  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի;
  • Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները;
  • Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն;

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր չորս նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:

Հիմա եթերում