Արցախից բռնի տեղահանված աուտիզմ ունեցող երեխաների աջակցության ծրագիր՝ Լոս Անջելեսում

30 Մարտի 2024, 00:35

Կարծիք

«To be happy» հասարակական կազմակերպության աշխատանքների առաջին իսկ օրերից սկսել ենք աշխատել Հայաստանի և Արցախի մասնագետների հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց հոգեբան, «To be happy» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Նանոր Շահինը։

«Ապրիլը մեծ նշանակություն ունի աուտիզմ ունեցող մարդկանց համար։ Ապրիլը համարվում է աուտիզմի իրազեկման ամիս։ «To be happy» ՀԿ-ի աշխատանքները սկսել ենք 2019 թ-ին Լոս Անջելեսում։ Առաջին իսկ օրերից սկսել ենք աշխատել Հայաստանի և Արցախի մասնագետների հետ։ Թեև Հայաստանում շատ լավ մասնագետներ, հոգեբաններ կան, բայց, ցավոք, վարքային վերլուծության առումով այնտեղ մեծ աշխատանք կա անելու։ Մեր հիմնական նպատակն է թե՛ աուտիզմ ունեցող, թե՛ այլ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և երիտասարդներին հնարավորություն տալ ամբողջովին դառնալու հասարակության անդամ»,- ասաց Շահինը։

Նա տեղեկացրեց՝ Լոս Անջելեսում կազմակերպվում է մի նոր ծրագիր, որն ուղղված է Արցախից բռնի տեղահանված աուտիզմ ունեցող երեխաներին։

«Մինչ Արցախից բռնի տեղահանումը, այնտեղ գործում էր մի կենտրոն, որտեղ կար 500 երեխա։ Մենք օգնում էինք իրենց, ֆինանսապես չենք օգնել, բայց միշտ մասնագիտական փորձի փոխանակում է եղել, անվճար թրեյնինգներ, դասընթացներ, վերապատրաստումներ։ Աշխատել ենք նաև ծնողների հետ։ Եղել են դեպքեր, որ ընտանիքն է մեզ հետ կապ հաստատել, իսկ մենք իրենց կապել ենք այդ կենտրոնի հետ։ Արցախյան դեպքերից հետո այդ ընտանիքները տեղավորվել են Երևանում և մարզերում, բայց գիտենք, որ վարքի վերլուծաբանական որևէ օգնություն չեն ստանում, և դա մտահոգվելու առիթ է տալիս։

Եթե այդ աշխատանքները շարունակական բնույթ չկրեն, մենք չենք հասնի այն արդյունքին, որին ձգտում ենք։ Մասնավորախես, դպրոց գնալ, աշխատանք գտնել։ Այստեղ՝ Լոս Անջելեսում, մենք կազմակերպում ենք մի նոր ծրագիր, որն ուղղված է Արցախից բռնի տեղահանված աուտիզմ ունեցող երեխաներին։ Մեր հայրենակիցներն ամբողջ աշխարհից կարող են մասնակցել այս ծրագրին, քանի որ ամեն մի ցենտը կարևոր է այն աշխատանքի համար, որ անում ենք»,- նշեց նա։