Արցախից բռնի տեղահանվածների համար մարդասիրական բեռով ինքնաթիռը Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի հոկտեմբերի 22-ի երեկոյան
22 Հոկտեմբերի 2023, 11:58
Բուենոս Այրեսից hոկտեմբերի 21-ին Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը տեղափոխում է մարդասիրական օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար:
Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի:
Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, որոնք իրականություն են դարձրել այս մարդասիրական առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով:
Բուենոս Այրեսից Հայաստան եկող 10 հազար 865 կգ մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։ Տեղափոխող ինքնաթիռը Հայաստանում կլինի հոկտեմբերի 22-ի երեկոյան։