Արցախից Գյումրի բռնագաղթած փոքրիկները ստացել են երաժշտական գործիքներ

30 Նոյեմբերի 2023, 10:10

Մշակույթ

Արցախից Գյումրի բռնի տեղահանված փոքրիկները ստացել են երաժշտական գործիքներ, որոնք ձեռք են բերվել Հայաստանի պետական կամերային երգչախմբի նոյեմբերի 2-ին կայացած համերգից գոյացած հասույթով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 7 երեխա հաճախում է արվեստի ու երաժշտական դպրոցներ։ 

Նախապես հայտարարված մեկ ջութակ և 2 դաշնամուրի փոխարեն բարեգործական համերգի շնորհիվ գնվել է 3 դաշնամուր և մեկ ջութակ:

«Երբ եկանք Գյումրի, որոշեցինք, որ այստեղ էլ շարունակելու է հաճախել երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ ԼՂ-ում հաճախում էր ակորդեոնի»,- ասել է երեխաներից մեկի՝ Միքայել Համբարձումովի մայրը՝ ավելացնելով, որ որդին առաջինը տանից իր ակորդեոնն է վերցրել։

Միքայելը սովորում է դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում: Տիրապետում է 2 գործիքի: Հիմա միայն դաշնամուրի է հաճախում: Դեռ հստակ չի որոշել, բայց առայժմ ուզում է դաշնակահար դառնալ: Միքայելը միջազգային մրցույթների մասնակից է, խոստանում է՝ հաջորդ տարի լինել արդեն գյումրեցի դափնեկիրների շարքում:      

Հիմա եթերում