Արցախից հրաժարվելով՝ ՀՀ-ն փոխեց ողջ կոնֆլիկտի կոնֆիգուրացիան․ Ռոբերտ Քոչարյան

09 Նոյեմբերի 2025, 21:48

Քաղաքականություն

Իմ տպավորությամբ, Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի ռուսները հեռանան։ Այս մասին «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի դեպ, եռակողմ հայտարարության տակ կար նաև Ռուսաստանի նախագահի ստորագրությունը, և նրանք պատասխանատվություն էին ստանձնել անվտանգության համար ու տեղաբաշխել էին խաղաղապահ ուժեր։ Բայց ի՞նչ կատարվեց․ Հայաստանը, ըստ էության, միակողմանի հրաժարվեց այդ գործընթացին մասնակցելուց։ Ի՞նչ ասաց Հայաստանը Պրահայում։ Ասաց՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը»,– նշել է նախագահը։

Քոչարյանի խոսքով, այս հայտարարությամբ Հայաստանի դերակատարությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում զրոյացվել է։

«Այդ հայտարարությամբ ողջ կոնֆլիկտի կոնֆիգուրացիան փոխվել է։ Եռակողմ հայտարարությունը ստորագրված էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև։ Եվ ըստ դրա՝ Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնար անորոշ, պետք է լիներ հետագա քննարկումների առարկա։ Բայց Հայաստանը ասում է՝ ես չկամ այս գործում։ Գնացեք, դուք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցը ոնց ուզում եք, այնպես էլ քննարկեք»,– եզրափակել է նախագահը։